Search
Close this search box.

Ռուբեն Վարդանյանը՝ ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման և Արցախի կարգավիճակի մասին

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ պետք է լուծել ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման, նրանց թվի ավելացման և նրանց կարգավիճակի ավելի հստակ սահմանման հարցը։ Ամենաճիշտ որոշումը Վարդանյանը համարել է ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի միջազգային մանդատով օժտելը։

Եվ այդ հարցերը պետք է լուծել հնարավորինս արագ, քանի որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման առաջին ժամկետի լրանալուն մնացել է ընդամենը 2,5 տարի, ընդգծել է պետնախարարը։ Վարդանյանն ընդգծել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի առանձին բանակցությունների ռեժիմով՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, իհարկե, կապված է Արցախյան թեմատիկայի հետ, բայց դա առանձին թեմա է, նշել է նա։

Վարդանյանը նաև մեկնաբանել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի: «Դա բարդ թեմա է։ Չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը կարող է խոսել 10 միլիոնանոց հայկական սփյուռքի անունից՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների», – ասել է նա։

Արցախը Հայաստանին միացնելու մասին Ըստ Վարդանյանի՝ դա բարդ հարց է, կա հիմնարար խնդիր ազգի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և 21-րդ դարի պայմաններում սեփական պետություն ստեղծելու միջև։ «Սա այն մարտահրավերներից մեկն է, որը, ցավոք, հանգեցրել է մեծ թվով հակամարտությունների։ Հենց այնպես միանալ և դառնալ Հայաստանի գավառներից մեկը՝ դա անհնար է։ Երբեք արցախցիները չէին համաձայնի, ուղղակի Հայաստանի մաս չէին դառնա։ Դա բարդ կառուցվածք է, Հայաստանի և Արցախի հարաբերությունները պետք է ճիշտ կառուցված լինեն», – ասաց նա։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարար է նշանակվել նոյեմբերի 4-ին։ Վարդանյանը սեպտեմբերի 1-ին հայտարարել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Արցախ տեղափոխվելու որոշման մասին։ Նա հայտնել է, որ տեղափոխվելուց հետո ռուսական բոլոր ակտիվները կփոխանցի գործընկերներին եւ ընտանեկան հիմնադրամին։ Վարդանյանը նաև հայտարարել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։

Այս Բաժնից