Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պտղնի գյուղում 26-ամյա վարորդը մերկասառույցի պատճառով գլորվելով հայտնվել է ձորում, վիրավորներին ձորից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր, դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Պտղնի գյուղի բնակիչ, 26-ամյա Էդվարդ Նազարյանը՝ Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Ներքին Պտղնի գյուղ տանող ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 35 մետր մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում:

Վթարի հետևանքով վարորդ Է. Նազարյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացի, 34-ամյա Արման Նազարյանը, և Երևան քաղաքի բնակիչ, 58-ամյա Մայրանուշ Նազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորներին ձորից դուրս են բերել փրկարարները, Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկները, և քաղաքացիները: Փրկարարները և քաղաքացիները վիրավորներին հանել են մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ ճոպաններ և պատգարակներ: Աբովյանի բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Վթարի պատճառներից մեկը նաև այն է, որ Պտղնիի գյուղապետարանը չի բարեհաճել կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ, ինչն էլ եղել է խոշոր վթարի պատճառ:

Այս Բաժնից