Երևանի «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ամռանը սուս ու փուս, առանց հրապարակելու պատճառների մասին, ազատեցին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թ.37 դպրոցի տնօրենին: Սա փաստ է այն մասին, թե որքան փակ, ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը: Դեկտեմբերի 20-ին դպրոցի նոր տնօրենի ընտրություն է նշանակված: Ինձ ահազանգել են այն մասին, որ դպրոցում կա կոլեկտիվի կողմից ընդունելի թեկնածու, որը դպրոցի երկարամյա աշխատողներից է, և կա մեկ ուրիշը, որը հանրային ռադիոյի աշխատակից է, բայց ինչ-որ ժամանակ աշխատել է դպրոցում: Տեսնես նա ունի՞ վերջին 10 տարում օրենքով պահանջվող 7 տարվա մանկավարժական ստաժը: Թեև ամբողջ կոլեկտիվի կողմից նամակ են գրել քաղաքապետարան, խնդրելով հաշվի առնել նաև իրենց կարծիքը, բայց քաղաքապետարանից կանչել են խորհրդի նախագահին և ցուցում տվել, որ ընտրեն իրենց թեկնածուին: Չգիտեմ, թե ով է դպրոցի կառավարման նախագահը, բայց նա պետք է ամոթանք տար իրեն ուղղորդողներին ու վստահորեն ասեր, որ ինքն իր լիազորությունների շրջանակը չի կարող գերազանցել ու ընդամենը ընտրության գործընթացը կազմակերպողն է: Դպրոցի կոլեկտիվն էլ կառավարման խորհրդում իր երկու մանկավարժների ու ծնողների հետ համապատասխան աշխատանք պետք է տաներ ու ընտրության ժամանակ խորհրդի մյուս անդամներին համոզեր ընտրել այն թեկնածուին, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը կբարելավեր երեխաների կրթության որակը: Սակայն վստահ եմ, որ կառավարման խորհուրդը չի էլ խորանալու թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերի բովանդակության վրա, այլ վերևներին հաճոյանալու համար, իրենց ձայնը տալու են նրան, ում հովանավորում է քաղաքապետարանը: Ինչո՞ւ է քաղաքապետարանը հենց այդ մեկին հովանավորում, առավել քան ակնհայտ է, քաղաքապետարանի վերևներում կանգնած մեկն է հրահանգել, ուրեմն նա էլ իր վերևներին հաճոյանալու համար է ուղղորդում այդ խորհրդին: Ու այս ամենը՝ երեխաների կրթության որակի հաշվին: Բա ասում եք փոխվում եք, բա ասում եք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բա ասում եք էլ ոչ մեկը, ոչ մեկի համար չմիջամտի, թե՞ դրա ժամկետն էլ է նոր տարուց հետո: Այդքան չե՛նք ուզում սպասել, ուզում ենք նոր տարուց առաջ, դեկտեմբերի 20-ին Երևանի թ. 37 դպրոցում կառավարման խորհուրդը ընտրի այն թեկնածուին, ում հավաստագիրը օրինական է և ով կներկայացնի կրթությունն այդ դպրոցում կազմակերպելու առավել լավ զարգացման ծրագիր:
Այս նամակը, համապատասխան հարցումներով կգնա քաղաքապետ Տարոն Մարգարյանին: