Search
Close this search box.

Անտառապետը խոստովանել է, որ կաշառքը փոխանցել է նախարարության աշխատակցին

Առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետ Ազատ Բադալյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ազատ Բադալյանը կալանավորվելուց հետո ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, որ կաշառք է փոխանցել բնապահպանության նախարարության բանապահպանական պետական տեսչության աշխատակիցներին: Մեր տեղեկություններով, խոսքը 500 հազար դրամի կաշառքի մասին է: Անտառապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալը:

Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տարբեր անտառտնտեսություններում կատարվել են լայնածավալ ապօրինի անտառահատումներ, որոնք իրականացվել են հիշյալ անտառտնտեսությունների որոշ պաշտոնատար անձանց գիտությամբ, կատարված հակաիրավական արարքները կանխելու, խափանելու լիազորությամբ օժտված մարմինների մի շարք աշխատակիցների հովանավորությամբ, թողտվությամբ եւ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ապօրինի անտառահատման նպատակով սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ:

Մասնավորապես, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաեւ քաղաքացու կողմից վերջինիս կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս Բաժնից