Search
Close this search box.

Ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի կուրսի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ջերմոցատերերը դժգոհում են. դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով թանկացել են թունաքիմիկատները, պարարտանյութը: Մյուս կողմից՝ նախորդ տարվա հուլիսի 19-ից ջերմոցատերերի համար բարձրացել է գազի գինը, օրինակ՝ ջերմոցային տնտեսու­թյունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, 1000 խմ-ի դիմաց վճարում են 224 դոլար՝ նախկին 212- ի փոխարեն:

Ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը՝ Հրաչիկ Բաբախանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ գազի գինը բավականին բարձր է, այն ապրանքի ինքնարժեքի գերակշռող մասն է կազմում. «Այս պահին տեղական շուկայում թուր­քական ծագման լոլիկ կա, դուք ինքներդ կարող եք մոնիտորինգ անել մեծածախ շուկաներում, փաստացի կտեսնեք, եւ բավականին էժան է տե­ղական արտադրանքից»:

Տեղեկացնենք, որ Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհրդարանում հայտարարեց, որ մտադիր է հանդես գալ այն երկարացնելու առաջարկով: Թվում է, թե այս ամենի արդյունքում կարող են շահել տեղական ջերմոցատերերը, բայց, մասնագետների խոսքերով, էժան է նաեւ իրանական ծագ­ման բանջարեղենը, լոլիկն այնտեղ մայիսին հասնում է: Այսինքն՝ Թուրքիայից լոլիկ ներկրողը կարող է այն ներմուծել Իրանից: Ստացվում է, որ դարձյալ տուժելու են հայրենի գյուղատնտեսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում