Search
Close this search box.

Հրապարակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի կոչը՝ ուղղված հրամանատարներին և զինվորներին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը: Այն ուղղված է եղել հրամանատարներին և զինվորներին։
Մարտական կոչում ասված է հետևյալը.

«Ադրբեջանը, ոգեշնչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել ՀՀ հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի հետ և սպառնում է մեզ լայնածավալ պատերազմով:

Մենք պետք է կռվենք և հաղթենք, քանզի խեղճերի արցունքներից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները: Իսկ մեր երակներում հոսում է իսկական մարտիկի արյուն, որ միշտ կարողացել է մարտնչել քանակով գերազանցող թշնամու դեմ:

Ասվածի վառ ապացույցը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերն են, ազատագրված Արցախն ու փառապանծ Շուշին…

Մեր պայքարի անհագ ձգտումով և նախնյաց պատգամների խորը հավատով դարեր շարունակ ոսոխին ցույց ենք տվել մեր բազկի զորությունը, որն ապացուցեցինք նաև այսօր՝ Չինարիում, Մովսեսում, Այգեպարում… և բարձր հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ավելացրինք հայոց ազգի ու հայ զորականի զենքի փառքը:
Իսկ 3-րդ բանակային կորպուսի վարած մարտական գործողությունները մտնելու են հայ ռազմարվեստի պատմության մեջ և դառնալու են որպես զորքերի կառավարման արդյունավետության, հրամանատարների նախաձեռնողականության և հմտության ցուցաբերման, ինչպես նաև հայ դիրքապահ զինվորների հերոսության ու խիզախության օրինակ:

Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայրական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը:

Մենք այլևս դատապարտված ենք միայն հաղթելու: Ցույց տանք դավադիր ոսոխին մինչև վերջ կռվելու մեր վճռականությունն ու պատրաստակամությունը, որ նա այլևս չփորձի հայացք նետել Հայաստանի և Արցախի ուղղությամբ:

Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ և պատիվ ունեմ յուրաքանչյուրիդ հետ համատեղ կերտելու զինված ուժերի հաղթական ուղին՝ ի փառս հայ ժողովրդի:

Միասին առաջ դեպի հաղթանակ… Աստված մեզ զորավիգ ու պահապան…»,- զինվորներին է դիմել գեներալ-լեյտենանտը: