Search
Close this search box.

Հարյուր հազարավոր երեխաներ կարող են մահանալ. ՄԱԿ-ի զեկույցը կորոնավիրուսի հետևանքների մասով

Հարյուր հազարավոր երեխաներ այս տարի կարող են մահանալ կորոնավիրուսային համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական անկման պատճառով: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում:

Ամբողջ աշխարհում մեծանում են երեխաների մահացության աճի ռիսկերը:
Այս տարի 42-66 միլիոն երեխա կարող է արդեն աղքատության շեմից այն կողմ հայտնվել, 188 երկրներում մեկուկես միլիարդ անչափահաս երեխաներ եւ երիտասարդներ ուսումնական հաստատություններ չեն հաճախում: Պետությունների երկու երրորդը հեռավար ուսուցում են ներդրել, բայց ոչ բոլոր երկրները նման հնարավորություն ունեն: Փորձագետները դեռ չեն գնահատում, թե ինչպես հարկադիր արձակուրդները կազդեն երեխաների զարգացման վրա:

COVID-19-ը, հնարավոր է, խնայում է երեխաներին, բայց համաճարակը, այնուամենայնիվ, վտանգ է ներկայացնում մոլորակի երիտասարդների կյանքի եւ առողջության համար: Երեխաների մահվան դեպքերը կավելանան հարյուր հազարներով` խաթարելով վերջին երեք տարվա հաջողությունները երեխաների մահացության դեմ պայքարում:

Այս հաշվարկներում հաշվի չեն առնվում նույնիսկ բժշկական օգնության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են առողջապահական համակարգի գերբեռնվածության ֆոնին. աա առանձին խնդիր է: Խոսքն այլ գործոնների մասին է. օրինակ, 143 երկրում 368.5 միլիոն երեխա սովորաբար սնունդ է ստանում դպրոցական նախաճաշերի հաշվին, այժմ շատերը մնացել են առանց անհրաժեշտ պարենային աջակցության: Բացի այդ, երեխաները ինքնամեկուսացման ռեժիմը դժվար են տանում, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկան առողջության վրա: Հատկապես խոցելի են փախստականների եւ միգրանտների երեխաները, որոնք գտնվում են կալանավայրերում: Բայց նույնիսկ իրենց բնակարանում փակված երեխաները միշտ չէ, որ իրենց ապահով են զգում: Որոշ դեպքերում նրանք դառնում են բռնության վկաներ կամ զոհեր: Իսկ հեռավար ուսուցումը հանգեցնում է նրան, որ երեխաները շատ ժամանակ են ծախսում համացանցում, որտեղ կարող են այլ սպառնալիքների հանդիպել:

«Զեկույցի հեղինակների եզրակացությունները կասկած չեն հարուցում,- ներկայացնելով փաստաթուղթը` ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:- Մեր երեխաներին այս սպառնալիքներից պաշտպանելու համար մենք հենց հիմա պետք է գործենք։ Գլոբալ անկման պայմաններում 2020 թվականին կտրուկ կարող է մեծանալ մանկական մահացությունը:»:

Նա հիշեցրել է, որ ճգնաժամի հետեւանքով, որպես կանոն, տուժում են բնակչության առավել խոցելի խմբերը, այդ թվում` երեխաները: «Համաշխարհային առաջնորդները պետք է անեն ամեն ինչ` համաճարակի հետեւանքները մեղմելու համար»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: