Search
Close this search box.

Նոր Զելանդիայի կառավարության անդամների աշխատավարձը կես տարի 20 տոկոսով կկրճատեն

Նոր Զելանդիայի կառավարության անդամների, ինչպես նաեւ պետական հաստատությունների եւ գերատեսչությունների ղեկավարների աշխատավարձը 20 տոկոսով կրճատվելու է երկրի տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության պատճառով: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր կարող եմ հաստատել, որ ես, նախարարները եւ պետական հաստատությունների ղեկավարները կբախվենք հաջորդ 6 ամիսներին աշխատավարձի 20 տոկոսով կրճատմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Արդեռնը, որը հեռարաձակել է New Zealand Television հեռուստաալիքը: Վարչապետը պարզաբանել է, որ կառավարության այս քայլը թույլ կտա «հավասարեցնել երկրի քաղաքացիների եկամուտները, որոնք տուժել են համավարակի հետեւանքով», ինչպես նաեւ կնվազեցնի երկրի տնտեսության վրա համավարակի բացասական ազդեցությունը:

Արդեռնը հայտնել է, որ անցած մեկ օրում երկրում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք: Այսպիսով, Նոր Զելանդիայում հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 1 386: Փետրվարի 28-ից, երբ պետության տարածքում գրանցվեց վարակման առաջին դեպքը, վիրուսի առաջացրած հիվանդության հետեւանքով մահացել է 9 մարդ, ապաքինվել է 728 պացիենտ:

Նոր Զելանդիայի գլխավոր սանիտարական բժիշկ Էշլի Բլումֆիլդը հայտարարել է, որ ներկայումս COVID-19 ախտորոշմամբ հոսպիտալացված է 13 մարդ, մնացյալը ստանում է ամբուլատոր բուժում: Երեք պացիենտ վերակենդանացման բաժանմունքում է եւ թոքերի արհեստական օդափոխության կարիք ունի: Նա նաեւ նշել է, որ 115 վարակակիրներ բուժաշխատողներ են:

Նոր Զելանդիայում մարտի 24-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ: Երկրի ամբողջ տարածքում մտցվել են տեղաշարժման եւ ցանկացած գործունեության իրականացման սահմանափակումներ, բացի քաղաքացիների կենսապահովման համար անհրաժեշտներից: Փակ են ձեռնարկություններն ու հաստատությունները, մանկապարտեզներն ու դպրոցները: Երկրի ներսում մասնավոր ուղեւորությունները ցանկալի չեն, իսկ հանրային տրանսպորտից կարող են օգտվել միայն արտակարգ ծառայությունների եւ առանցքային գերատեսչությունների աշխատակիցները: