Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է կորոնավիրուսը տարածվում հազալիս

Ֆինլանդիայի երեք գլխավոր համալսարանների գիտնականները սուպերհամակարգչի օգնությամբ մոդելավորել են խոսելու կամ փռշտալու ժամանակ առաջացող կաթիլների ամպի տարածումը։

Ըստ aalto.fi–ի` պարզվել է, որ վիրուսային մասնիկները բավական երկար կարող են օդում կախված մնալ, ինչը նշանակում է, որ համավարակի շրջանում ավելի լավ է խուսափել մարդաշատ վայրերից։ Գիտնականները դիտարկել են այն տարբերակը, երբ հիվանդը խոսում է, փռշտում կամ հազում է օդափոխման համակարգ ունցող սուպերմարկետում։

Համակարգչային ծրագիրը հաշվարկել է, թե ինչպես են առաջացող աերոզոլի փոքրիկ՝ 20 միկրոմետրից էլ պակաս տրամագիծ ունեցող կաթիլները տարածվում օդում։ Պարզվում է՝ այդքան փոքր կաթիլները չեն ընկնում գետնին, այլ մնում են օդում՝ նույն տեղում, կամ շարժվում են օդային հոսանքների հետ։ Նման «ամպը» սովորաբար ցրվում է միայն մի քանի րոպե անց։

Լորձի և թքի կաթիլների մեջ, կախված հիվանդության փուլից, կարող են հսկայական թվով վիրուսային մասնիկներ լինել։ Հայտնվելով այլ մարդկանց շնչուղիներում`դրանք կարող են թափանցել բջիջների մեջ և հիվանդության պատճառ դառնալ (դրա համար էլ բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս տնից դուրս գալ պաշտպանիչ դիմակով)։ Նախնական արդյունքների համաձայն՝ նախորդ տարիների հետազոտությունների վրա հիմնված խորհուրդները, այն է՝ խուսափել մարդաշատ տարածքներից, շնչառական հիվանդության ախտանիշերի դեպքում տնից դուրս չգալ, հազալ և փռշտալ՝ դեմքը փակելով արմունկի ծալքով, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավորությունը, դեռևս լիովին ակտուալ են։