Search
Close this search box.

Գուցե սուրբ Կորոնան փրկի՞ COVID-19-ից

Առանց կատակի. պարզվում է կաթոլիկ եկեղեցին ունի Կորոնա անունով սուրբ, որը, ոչ ավել, ոչ պակաս՝ համաճարակներից պաշտպանության առաքելություն ունի: COVID-19-ի տարածմանը զուգահեռ՝ մինչ այս մոռացության տրված սուրբ Կորոնան Եվրոպայում կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Սուրբ Կորոնայի պատմությունը հետեւյալն է: Հռոմեական կայսր Անտոնիուս Պիուսի կառավարման ժամանակ (138-161թթ.), երբ քրիստոնյաները հետապնդվում էին, Կորոնան Վիկտոր անունով զինվորի կինն է լինում: Վիկտորը հետապնդվում է իր քրիստոնեական հավատքի համար եւ մահապատժի ենթարկվում: Նրա տասնվեցամյա կինը՝ նույնպես: Երիտասարդ կնոջ մահապատիժը հատկապես դաժան է լինում: Նա կապվում է երկու արմավենիների միմյանց միացված գագաթներին ու դրանք բաց են թողնվում… Ըստ լեգենդի՝ նա որպես սուրբ նահատակ ստանում է Կորոնա՝ պսակներով թագադրված անունը:

Վիկտորի եւ Կորոնայի մահվան վայրը ըստ փոխանցված տեղեկությունների՝ եղել է Դամասկոսը: Այլ աղբյուրներ նշում են Անտիոքը, Սիցիլիան, Ալեքսանդրիան եւ Մարսելը: Կորոնայի պաշտամունքի ծիսակատարություններ կան հունական, լատինական եւ եթովպիական եկեղեցիներում: Վիկտորի եւ Կորոնայի մասունքները պահպանվել են իտալական Անկոնա քաղաքի մոտակայքում գտնվող Կաստել Ֆիդարդոյում:

Սուրբ Կորոնայի պաշտամունքը հին ժամանակներում այնքան տարածված է եղել, որ կայսր Օտտո Երրորդը (980-1002թթ.) 997թ. նրա մասունքները տեղափոխել է տալիս Աախեն: 14-րդ դարում մասունքները ի պահ են տրվում Պրագայի տաճարին: Հատկապես Գերմանիայում եւ Ավստրիայում Կորոնայի պաշտամունքը մեծ տարածում ուներ: Սուրբ Կորոնայի տոնը նշվում էր մայիսի 14-ին կամ սեպտեմբերի 18-ին, սակայն վաղուց այն բացակայում է եկեղեցական տոնացույցից:

COVID-19-ի հաղթարշավի եւ պետությունների անօգնական վիճակի ֆոնին մնում է հուսալ, որ սուրբ Կորոնան անտարբեր չի մնա շատ երկրներում օրական +30% տարածվող վիրուսի վտանգի հանդեպ ու «գործի կանցնի» եւ գոնե մինչ իր տոնը իր անվանակցի դեմ պայքարում բեկում կարձանագրվի:

lragir.am