Search
Close this search box.

Արարատի մարզպետն ու մսավաճառները պայմանավորվեցին սպանդանոցների հարցում սպասել վարչապետի լուծմանը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշման դեմ բողոքող անասնապահներին հորդորեց սպասել Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի կողմից առաջարկվելիք լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց անասնապահների հետ հանդիպման ընթացքում:

«Եկեք սպասենք վաղը 16:30-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում առաջարկվելիք լուծմանը: Եթե այն ձեզ չբավարարի, նորից կհանդիպենք»,- ասաց Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը նշեց, որ հարցուպատասխանի ընթացքում կբարձրաձայնեն անասնապահների հարցերն ու մտահոգությունները:

Բողոքի ակցիա իրականացնողները առավոտյան փակել էին նաև Երևան-Արարատ ճանապարհը, որը, սակայն, այս պահին բաց է: Նրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով հորդորել էր դադարեցնել ակցիան մինչև 18:00-ն, ինչից հետո կարող են հանդիպել մարզպետարանի դահլիճում և քննարկել իրավիճակը: