ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր հրապարակային հաստատեց, որ իր հետ փոխկապակցված 20-30 ընկերություններում ստուգումներ են իրականացվում: Այդ ստուգումները շարունակական բնույթ են կրում, որովհետև դրանք եղել են ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ շարունակվում են այսօր:
Ծառուկյանի պատասխանի տոնայնությունից կարելի էր հասկանալ, որ նա այնքան էլ անհանգստացած չէ այդ ստուգումների առկայությունից: Դրա համար կարող է երկու պատճառ լինել. նախ Ծառուկյանը համոզված է, որ իր հետ փոխկապակցված ընկերություններում որևէ անօրինական գործունեություն չի իրականացվում, և ստուգումների արդյունքում չեն բացահայտվի այնպիսի խախտումներ, որոնք կարող են ստվեր գցել իր բարի համբավի վրա, իսկ մյուս կողմից այդ ստուգումները այնքան երկար են տևում, որ Ծառուկյանի համար այդ ստուգումները դարձել են սովորական, առօրեական բան, այնպես` ինչպես արևածագը կամ մայրամուտը:
Սակայն եթե Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերություններում խախտումներ չկան, և հանարվոր չէ այնտեղ էական խախտումներ հայտնաբերել, այդ դեպքում ինչու են իշխանությունները շարունակում դրանք: Մի՞թե այդ ստուգող կազմակերպություններն այնքան անգործ ու պարապ են, որ ուրիշ զբաղմունք չունեն, քան Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերություններում ստուգումներ կազմակեպելը:
Բնականաբար, միամտություն կլինի հավատալ, որ այդ ստուգումներն իրականացվում են առանց իշխանության ամենաբարձր օղակից իջեցված հրահանգի, և դրանց նպատակը ամենևին էլ այդ ընկերությունների ֆինանսական և տնտեսական գործունեությունը վերահսկելը չէ, այլ դրանց սեփականատեր Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ճնշում իրականացնելը: Հարցն այն է, թե որքանով է այդ ճնշումը ծառայում Ծառուկյանի վրա ճնշում գործադրելու նպատակին, և որքանով է այդ ճնշման միջոցով իշխանությունը հասնում իր առջև դրված խնդրի լուծմանը: \
Դատելով ԲՀԿ-ի գործունեությունից և Ծառուկյանի այսօրվա մի քանի հայտարարություններից, կարող են ասել, որ ճնշումը անարդյունք է:
Ընդամենը մի քանի օրինակ՝ ԲՀԿ-ն այդպես էլ չմիացավ ՍԴ նախագահաի և դրա անդամների դեմ իշխանության սկսած խաչակրաց արշավանքին, ինչը շատ կարևոր էր իշխանության համար, Ծառուկյանն այսօր հայտարարեց, որ իրենք դեմ են սպանդանոցների ծրագրին, և դա գյուղացիության դեմ ուղղված քայլ է, Ծառուկյանը չի պատրաստվում կուրորեն աջակցել սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու իշխանական ծրագրին՝ առանց այդ ծրագրին ծանոթանալու: Այնպես որ, ստուգումները կարող են հավերժորեն շարունակվել, քանի որ դրանք չեն ունեցել ոչ տնտեսական, ոչ քաղաքական էֆեկտիվություն: