Search
Close this search box.

Երևան-Սևան ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ «շինարարությունն իրականացվել է աննախադեպ արագությամբ և որակով»:

Ըստ հաղորդագրության՝ աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները և տեխհսկիչների տված գնահատականները, աշխատանքների որակից գոհ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի հետ  շինարարության ամբողջ ընթացքում պարբերաբար այցելել է շինտեղամասեր:

Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։
Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն ավարտվել են սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10-ին:

Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ արդեն վերականգնվել է: Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են  նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ:

Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կատարել են, ըստ նախարարության, մրցութային կարգով ընտրված հաղթող երեք շինարարական կազմակերպություններ՝ «Ճանապարհ», «Կապավոր» և «Սուարդի»:

Կատարվել են ճանապարհահատվածների երկու երթևեկելի մասերի և կողնակների 5սմ հաստությամբ ֆրեզավորման և ասֆալտապատման աշխատանքներ: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների  բաժանիչ  գոտում` մետաղական պաշտպանիչներ։

Հիմնական ճանապարհի աշխատանքներն ավարտելուց հետո, ինչպես տեղեկացնում է նախարարությունը, «Կապավոր» և «Ճանապարհ» ճանապարհաշինական ընկերություններն իրենց միջոցներով ասֆալտապատել են նաև մայրուղուց դեպի Ծաղկաձոր և Սևան-Երևան ուղղությամբ դեպի Արզնի տանող ուղեանցերը: