Search
Close this search box.

Բակո Սահակյան. Առաջիկա 3 տարում Արցախի բանակը կհամալրվի նոր զինտեխնիկայով

Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ երկրի նախագահի 2017-2020թթ. ծրագրի հիմնական դրույթների ներկայացմանը նվիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ անդրադառնալով բանակաշինության եւ անվտանգության խնդիրներին նշել է, որ Արցախի բանակաշինության ռազմավարության հիմքում ակտիվ պաշտպանության գաղափարն է:

«Մեր պետականաշինության առանցքային ուղղություններից են բանակաշինությունը եւ անվտանգությունը: Այս երեք տարիների ընթացքում կշարունակեն իրականացվել բազմաբնույթ ծրագրեր՝ ուղղված Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը:

Բանակը կհամալրվի նոր ժամանակակից զինտեխնիկայով, կարվի առավելագույնը նրա պաշտպանողական եւ հարվածային ներուժի զարգացման ու կատարելագործման, մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման, հանրապետության զորահավաքային պատրաստականության կատարելագործման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:

Բանակաշինության ռազմավարության հիմքում շարունակում է մնալ ակտիվ պաշտպանության գաղափարը: Մենք երբեք ագրեսոր չենք եղել եւ չենք լինելու, բայց կանենք ամեն ինչ մեզ սպառնացող հնարավոր բոլոր վտանգները ճիշտ ժամանակին չեզոքացնելու համար:

Պաշտպանության բանակն այսուհետ էլ կհանդիսանա մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության պահպանման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ապահովման ամենաազդեցիկ գործոններից մեկը»,-նշել է Բ. Սահակյանը: