Search
Close this search box.

Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը հրաժարվել են դատարանի կողմից գործում ներգրավված հանրային պաշտպանից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Տաթև Գրիգորյանի նախագահությամբ:

Նիստի մեկնարկին, հակառակ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի կամքի դատարանի կողմից հանրային պաշտպան ներգրավված Մարինե Թովմասյանը դատավորին ասաց, ամբաստանյալները հրաժարվել են իր պաշտպանությունից. «Ես տեսակցել եմ նրանց և նրանք հայտնել են, որ չեն ցանկանում օգտվել իմ մասնագիտական ծառայություններից: Սեֆիլյանն առհասարակ հրաժարվել է տեսակցել որևէ հանրային պաշտպանի»:

Դատավորը Տաթևիկ Գրիգորյանը միևնույն պարզաբանումը տվեց՝ ամբաստանյալները սանկցիայի են ենթարկված և հեռացվել նիստերի դահլիճից, իսկ այդ դեպքում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:

Ամբաստանյալները դատական նիստերի դահլիճից հեռացվել են դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Նշենք, որ նախքան Մարինե Թովմասյանը, Սեֆիլյանի և Պողոսյանի պաշտպանությունն իրականացնելու համար ներգրավվել էր պաշտպան Էմին Բեգլարյանը: Վերջինից նույնպես ամբաստանյալները հրաժարվել էին: Ժիրայր Սեֆիլյանը ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնեն Տիգրան Հայրապետյանն ու Արա Զաքարյանը, իսկ Ներսես Պողոսյանի ցանկությամբ նրա պաշտպանությունը իրականացնում են Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը:

Դատարանը հանրային պաշտպաններ է ներգրավում՝ հաշվի առնելով այն, որ փաստաբանները չեն ներկայանում նիստին, իսկ փաստաբանների մուտքը երբեմն խոչընդոտվում է դատական կարգադրիչների կողմից, իսկ երբեմն էլ նրանց բացակայությունը պայմանավորված է իրենց պաշտպանների բացակայությամբ: