Search
Close this search box.

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի «լիցենզավորված» անօրինականությունները

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի բազմաթիվ ապօրինություններից և հանցանքներից մեկը վերաբերում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի կոպիտ խախտմանը:
Ըստ այդ կարգի III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ գլխի “բ” կետի` ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 50 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների), այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը:  Սակայն Շիրակի պետհամալսարանի որոշ մասնագիտություններով՝ սոցիոլոգիա,  քաղաքագիտություն, համակարգչային գրաֆիկա,  իրավագիտություն և այլ իրականացվող կրթական ծրագրերում այս կարգը կոպտորեն խախտվում է: ԲՈՒՀ-ը ոչ միայն չունի համապատասխան քանակությամբ գիտական աստիճան և (կամ) կոչում ունեցող մասնագետներ, այլև յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով 3 այդ նվազագույն մասնագետներին, որոնք պետք է լինեն նաև համալսարանի հիմնական աշխատողներ: Ընդ որում, այդ մասնագիտություններում դասավանդող դասախոսների բազային կրթությունը շատ դեպքերում ևս չի համապատասխանում տվյալ կրթական ծրագրի իրականացման պահանջներին: Ո՞վ է թույլ տվել պարոն Մինասյանին կրթական ծրագրեր իրականացնել այս մասնագիտություններով: ԿԳ նախարարությունում ո՞վ է վերահսկում այս ամենը: Ստացվում է, որ ցանկացած ԲՈՒՀ-ի ռեկտոր, կեղծելով կամ խաբելով նախարարությանը, կարող է իր ղեկավարած հաստատությունում ինչ մասնագիտություն ասես բացի:
Հետաքրքիր է, ինչպե՞ս են այս ամենին վերաբերվում ՀՀ ԿԳ նախարարությունում և ո՞վ է մուծելու այն ահռելի տուգանքը, որը ԲՈՒՀ-ը պարտավոր է վճարել այդ լիցենզիան խախտելու և ուսանողներին խաբելու համար:

Գագիկ Համբարյան