Search
Close this search box.

Կիեւյան կամրջից նետված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է.

Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից օգոստոսի 24-ին նետված 20-ամյա աղջիկը մահացել է:
Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ի դեպ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կատարվել են ուսումնասիրություններ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքերի վերաբերյալ։

Պարզվել է, որ 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

Ինքնասպանություն գործած 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր: Նշված անձանցից 4-ը տառապել է հոգեկան հիվանդությամբ: