Search
Close this search box.

Դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը բոլորիս համատեղ ծառայության արգասիքն է. Լավագույն դիրքապահները

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում աչքի ընկած զինծառայողներից մեկն էլ, ում հետ զրուցեցինք զինծառայությանն առնչվող տարբեր թեմաների և մասնավորապես մարտական հերթապահության շուրջ, շարքային Տիգրան Խլղաթյանն է: Ինչպես մյուս դիրքապահները, ինքը նույնպես, համեստություն ցուցաբերելով, հայտնեց, որ պարզապես կատարում է իր ծառայողական պարտականությունները. «Եվ ընդհանրապես, դիրքերում ունեցած հաջողությունն ու անհաջողությունը, ձեռքբերումներն ու ձախողումները ես համարում եմ յուրաքանչյուչիս և բոլորիս համատեղ ծառայության արգասիքը»:

Տիգրան Հենզելի Խլղաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, դրան զուգահեռ զբաղվելով սպորտով, մասնավորապես` ֆուտբոլով: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին:

Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման համար Տիգրանը կարևորում է բոլոր հանգամանքները` սկսած կցագրված զենքի խնամքից, նրան հստակորեն տիրապետելուց, անվտանգության կանոնների պահպանումից մինչև ծառայակիցների միջև ընկերական` առողջ մթնոլորտի առկայությունը:

«Գրեթե 6 ամիս է, ինչ ընդգրկված եմ մարտական հերթապահությունում և այս ընթացքում կարողացել եմ ավելի արժևորել դիրքապահի պարտականությունների կատարումը: Առանց քո գործի կարևորությունը գիտակցելու, առանց հայրենիքը սիրելու հնարավոր չէ նման պատասխանատու և նվիրական առաքելություն կատարել:

Ավագ ընկերների և դիրքապահի պարտականությունների կատարման անձնական փորձից համոզվել եմ և ծառայակից ընկերներիս էլ մշտապես հորդորում եմ լինել զգոն, պահպանել անվտանգության կանոնները: Նույնիսկ եթե ամենուրեք լռություն է, ապա չպետք է դրանից առիթավորվել` թուլացնել զգոնությունը և, ընդհանրապես, խախտել անվտանգության կանոնները»,- մեզ հետ զրույցում շեշտում է շարքային Տ. Խլղաթյանը:

Դիրքապահի պարտականությունների հաջող կատարման գրավականներից մեկն էլ շարքային Տ.  Խլղաթյանը կապում է անձնակազմի միջև տիրող ընկերական մթնոլորտի հետ: «Չնայած դիրքերում ծառայելու ոչ մեծ ժամանակահատվածին` ես դիրքապահի պարտականությունները կատարել եմ տարբեր անձնակազմերի հետ:

Մշտական տեղակայման վայրում գտնվելով` երբեմն այդ անձնակազմերի հետ շփվելու հնարավորություն կամ անհրաժեշտություն չի լինում, կամ այդ շփումները շատ մակերեսային բնույթ են կրում: Դիրքերում փոխվում է իրավիճակը: Այստեղ միմյանց հետ հարաբերությունները դառնում են ընկերական, և դրանք հետագայում զարգացնելու հիմքեր են ստեղծվում:

Դիրքերում համատեղ ծառայությունը, միմյանց հետ հաց կիսելը և իրար օգնելու պատրաստակամությունը այլ արժեք ու բովանդակություն ունեն»,- մեզ հետ զրույցում ասաց շարքային Տ. Խլղաթյանը` հավելելով, որ իր այցելած բոլոր դիրքերում միշտ համերաշխ մթնոլորտ է տեսել:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մեր հայրենիքի հասցեին հնչեցվող մշտական սպառնալիքները և ընդհանրապես արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներն ավելի են կարևորում այն դերը, որը հայ զինվորն է անընդհատ` օրուգիշեր, եղանակային ցանկացած պայմաններում կատարում` ապահովելով մեր երկրի ու բնակչության անվտանգությունը:

Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը