Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անձամբ է վարել աջ ղեկով մեքենա և համոզվել է, որ այն հարմարավետ չէ։ Նրա փոխանցմամբ՝ աջ ղեկով մեքենաներն արգելելու ժամկետները չեն քննարկվել: Նախարարը մարտական տրամադրված չէ, բայց նշում է, որ մի օր պիտի կարգավորվի այդ խնդիրը. «Հայաստանը աջակողմյան երթեւեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ։ Մեքենաները շրջանառությունից հանելու խնդիր չկա։ Ժամանակ կտրամադրվի, 20 տարի թե 50 տարի, կոնկրետ բան չկա, բայց քանի որ Հայաստանը հանդիսանում է աջակողմյան երթեւեկության ապահով երկիր, պետք է այդ խնդիրը լուծվի»,-նշել է Վահան Մարտիրոսյանը։
Նա նաև նշել է, որ այսօր կառավարության նիստում հանձնարարություն եղավ ազատել էլեկտրական մեքենաները գույքահարկից ու մաքսատուրքից։ Նախարարը խորհուրդ է տալիս ոչ թե յուլա գնալ, այլ նայել ապագային. «Երկրներ կան, որ հայտարարել են, որ 2025–ից արգելելու են վառելիքով մեքենաները։ Եվրոպական երկիր գնացեք ու հարցրեք՝ կա՞ աջակողմյան մեքենա»,-ընդգծել է նախարարը՝ տեղեկացնելով, որ այսօր ամբողջ աշխարհը գնում է դեպի էլեկտրական մեքենաների:
Իսկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման, հարկերից, տուրքերից, գույքահարկի ազատման վերաբերյալ նախագծին, նշել է. «Հաշվի առնելով նշված մեքենաների` էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների ավելացման անհրաժեշտությունը` հանձնարարում են ՀՀ փոխվարչապետին, տնտեսական զարգացման, ֆինանսների, բնապահպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին` 2 ամսում ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից ու տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությաւնը` հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»: