Search
Close this search box.

Նոր ընթացք՝ «Հանրապետական ծննդատանը» ծննդաբերած ու երեխային չտեսած Հայկուհի Խաչատրյանի գործից

Քննչական կոմիտեիում քննություն է տարվում՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում («Հանրապետական ծննդատուն») պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019 սեպտեմբերի 29-ին քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, հաղորդում է տվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել է արական սեռի երեխա, և նույն օրը պտուղը մահացել է:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին և ՀՀ առողջապահության նախարարությանը, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին:

Նախաքննությունը շարունակվում է: