Search
Close this search box.

Նորատուսցի Ալիկին դատարան են բերել անվասայլակով

2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով այսօրվա դատական նիստում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով պաշտպանական կողմի դիրքորոշումը, լրագրողներին արգելեց տեսանկարահանել ու լուսանկարել: Նշենք, որ լրագրողների՝ տեսանկարահանումը թույլ տալու «միջնորդությանը» դեմ չէին այս գործով մեղադրանքը պաշտպանող երկու դատախազները: Փոխարենը նկարահանմանը դեմ էինք գործով ամբաստանյալներ` հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:
Այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանին դատարան էին տեղափոխել անվասայլակով` հաշվի առնելով, որ նա վիրահատություններ է տարել և դժվարությամբ է տեղաշարժվում: Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում նրան գրավի դիմաց ազատ արձակել: Գրավի չափը Երեմ Սարգսյանը թողեց դատարանի հայեցողությանը: Պաշտպանի խոսքով` վերացել են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը, բացի այդ` նրա մոտ առկա են այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են անազատության մեջ մնալու հետ: Մասնավորապես, նրա խոսքով, Ալիկ Բանդուրյանը տառապում է շաքարային դիաբետով, ունի սրտի առիթմիա, ողնաշարի հոդերի տուբերկուլոզ, որը գտնվում է ակտիվ փուլում: Պաշտպանը դատարանին ներկայացրեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին ուղակված հարցման պատասխանը, համաձայն որի` նման ախտորոշում ունեցող հիվանդի բուժումը հնարավոր է կազմակերպել միայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում` անհապաղ, անկողնային ռեժիմով: Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ իր պաշտպանյալի համար դժվար է ամեն անգամ դատարան տեղափոխելը, քանի որ կալանավորներին տեղափոխող մեքենաները հարմարեցված չեն ողնաշարի խնդիր ունեցող անձանց համար: Նրա խոսքով` իր պաշտպանյալն անհապաղ բուժում պետք է անցնի քաղաքացիական մասնագիտացված հիվանդանոցում: Դատարան ներկայացվեց նաև Ալիկ Բանդուրյանի` հաշմանդամության 2-րդ կարգի վերաբերյալ վկայականը, որը նա ստացել է 1997-ին և, դրանով պայմանավորված, անժամկետ կենսաթոշակ է ստանում: Դատարանը քիչ հետո կվերադառնա խորհրդակցական սենյակից և կհրապարակի Բանդուրյանի պաշտպանի միջնորդության վերաբերյալ իր որոշումը:
Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը խնամքին ունի երեք անչափահաս երեխաներ: Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: