Search
Close this search box.

«Ժողովուրդ». Կ. Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի ՀՀ թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երևանում, այնուհետև Աշխաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ բավական մանրամասն քննարկումներ էին եղել թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի կեսերին գրել էր, որ Հայաստանի հիմնական գազ ներկրող ռուսների հետ փոխպայմանավորվածությունից հետո Սերժ Սարգսյանը Բերդիմուհամեդովի հետ խոսել է թուրքմենական գազը Պարսկաստանի տարածքով Հայաստան ներկրելու մասին, ընդ որում՝ առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ երրորդ երկրներ արտահանելու նպատակով: Եվ ահա, մեր այս տեղեկությունները երեկ հաստատվել են պաշտոնապես. բայց հաստատել են ոչ թե հայ, այլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները: Այս օրերին Իրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եվ ահա Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, թե Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու և Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը: «Թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հարցը նույնպես քննարկվել է: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրի իրականացմանը»,- ասել է նա: Զարմանալի է, թե ինչո՞ւ այս մասին չեն բարձրաձայնում հայ պաշտոնյաները, արդյո՞ք ռուսական կողմն է խոչընդոտներ ստեղծում, որ ստիպված ենք լինում բանակցությունների մասին մանրամասներ իմանալ երրորդ երկրներից»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: