Search
Close this search box.

Արտակարգ դեպք Լոռու մարզում. մարզի ոստիկանապետն ու դատախազի տեղակալը կանխել են 35-ամյա կալանավորի ինքնասպանության փորձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։40-ի «Ալավերդի» բժշկական կենտրոնից ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու ժամանակ հիվանդասենյակներից մեկում Օձուն գյուղի բնակիչ՝ 35-ամյա Վահե Բարսեղյանը կոտրել է ապակյա բաժակը և սպառնացել, որ եթե բանտի և Ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները մոտենան իրեն, ինքը կվնասի իրեն և ցած կնետվի պատուհանից։

Կայքի տեղեկություններով, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վ. Բարսեղյանը, ով փորձում է ինքնասպան լինել, կալանավորվել է ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին 4-րդ կետերի (անձի առևանգում) հատկանիշներով, հիվանդանոց է ժամանել նաև Լոռու մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրինյանը։ Լոռու մարզի ոստիկանապետին ու  մարզի դատախազի տեղակալին մի քանի ժամ է պահանջվել, մինչև կարողացել են համոզել Վ. Բարսեղյանին, որպեսզի նա այդ քայլին չդիմի։ Բացատրական աշխատանքների արդյունքում ժամը 23։40-ին Վ. Բարսեղյանը տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։