Search
Close this search box.

Յիրիկյանի ընկերությունը հարստանում է հայ զինվորի հաշվին

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և հեռուստահաղորդավարուհի Նարա Շլեպչյանին մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ կշնորհվի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Այս հարցը ներառված է Երեւանի ավագանու հոկտեմբերի 11-ի նիստում:

Ուշագրավն այս շարքում թերևս Ռալֆ Յիրիկյանն է: Տեղեկագրում նշված է, որ Ռալֆ Յիրիկյանին կոչումը կշնորհվի տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար:

Իսկ ինչ է անում իրականում Ռալֆ Յիրիկյանը սահմանը պահող մեր զինվորների հետ, ինչպես է նրա ընկերությունը հարստանում 18-20 տարեկան սահմանը պահող մեր զինվորների հաշվին, սա թերևս Տարոն Մարգարյանին բացարձակ չի հուզում, որովհետև Տարոնը սահման չի պահել, Տարոնը սահմանից հեռու է, իսկ սահման պահող զինվորն էլ Տարոնինը չէ:

Գաղտնիք չէ, որ Ղարաբաղում գործող «Ղ-Տելեկոմը» և հայաստանյան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նույն կազմակերպությունն են: Իսկ դա, իր հերթին նշանակում է, որ այն ինքն իրենից կամ ինքն իրենով ռոումինգ է կիրառում: Սա ոչ միայն քրեորեն պատժվող երևույթ է, այլ նաև բարոյական չէ, զուտ այն առումով, որ սահմանին կանգնած զիվորը իր կյանքն է վտանգում նաև Ռալֆ Յիրիկյանի բիզնեսի բարգավաճման համար` իսկ Յիրիկյանի ղեկավարած ընկերությունը զինվորների և նրանց ծնողների վրա փող է աշխատում`  պատճառաբանությամբ, թե Ղարաբաղն այլ պետություն է:

Այստեղ է առաջանում գլխավոր հարցը` եթե Արցախն այլ պետություն է, ապա ինչո՞վ են այդտեղ զբաղված, այն էլ՝ զինվորական համազգեստով և զինված, 18-20 տարեկան բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ: Կամ էլ, ինչո՞ւ է Արցախի Հանրապետության դրամական միավորը հանդիսանում ՀՀ դրամը, իսկ ղարաբաղցիների անձնագրերը` հայկական: Այս հարցերի պատասխանները, իհարկե, Յիրիկյանը գիտի, խնդիրն այն է, որ մեր երկիրը ոմանց համար անհիմն հարստանալու ու պատվավոր դառնալու տեղանք է:  Ու եթե պատվավոր դառնալու Տարոն Մարգարյանի պատկերացրած ճանապարհը սա է, ուրեմն Տարոն Մարգարյանը մինչև հոկտեմբերի 11-ը ժամանակ ունի վերանայելու պատվավոր քաղաքացիների ցանկը  ու այն համալրելու նոր անուններով` Տարոն Մարգարյան, Սուրիկ Խաչատրյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան , Վարդան Ղուկասյան ու էլի շատերը:

ArmLIfe.am