Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանն ընդունել է Կալիֆորնիայի խորհրդարանական պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի և Ասամբլեայի մի խումբ անդամներ:

Ա. Հարությունյանը կարևորել է ամերիկյան պատվիրակության այցն Արցախ և նշել, որ հետաքրքիր ժամանակահատվածում են հյուրընկալվել, քանի որ հանրապետությունում այսօր նշվում է «Բերքի տոնը»: Պետնախարարի խոսքով՝ տոնի առթիվ ներկայացված ապրանքներն առաջին հերթին Արցախում առկա խաղաղության և զարգացման արդյունքներն են:

Անդրադառնալով Արցախում Միացյալ Նահանգների դերակատարությանը՝ Ա. Հարությունյանն ընդգծել է այն հանգամանքը, որ, բացի Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ ամեն տարի ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին: «Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ժողովրդին ու իշխանություններին, որ մեզ աջակցում են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող հակամարտության կարգավորման գործընթացի համանախագահությամբ, այլև՝ մարդասիրական ծրագրեր իրագործելով: 1990-ական թվականներից սկսած՝ ամերիկյան կառավարության աջակցությամբ Արցախում բազմաթիվ բնակարաններ են վերականգնվել և կառուցվել, անցկացվել են ջրագծեր, հարյուրավոր հեկտարների վրա ականազերծման աշխատանքներ են իրականացվել: Ուրախությամբ կուզեի շեշտադրել նաև վերջին տարիներին ԱՄՆ նահանգային մակարդակով Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի կարևորությունը, որում իր ուրույն տեղն ունի Կալիֆորնիայի Սենատի 2014թ. Բանաձևը՝ ԱՀ անկախության և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վերաբերյալ: Համոզված եմ՝ դա նոր որակ է հաղորդելու մեր հետագա համագործակցության զարգացմանը՝ թե՛ տնտեսական ու քաղաքական, և թե՛ մարդասիրական և այլ ոլորտներում»,- ասել է Ա. Հարությունյանը և հատուկ կարևորել Կալիֆորնիայի հայ համայնքի դերակատարությունն առկա կապերի խորացման ու ամրապնդման  գործում:

Կալիֆորնիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ նախորդ այցերի համեմատ Արցախում զարգացման շոշափելի առաջընթաց են տեսնում: Նրանք Ա. Հարությունյանին ներկայացրել են իրենց այցի մանրամասների և նպատակների մասին, ինչպես նաև հետաքրքրվել են Արցախի տնտեսության զարգացման առկա միտումներով, ապրիլյան պատերազմի սոցիալ-տնտեսական հետևանքներով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված գործընթացի ներկա իրավիճակով և այլ հարակից թեմաներով: