Search
Close this search box.

Կաթողիկոսը օրհնել է Լևոնին և Արիանային

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:

Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծել է, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց ամենքին՝ փառք և պատիվ հավելելով հայոց ազգին և հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշել է, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել Արոնյանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր շնորհավորանքներն ուղղել նորապսակ զույգին՝ մաղթելով, որ Աստված ուղեկից լինի նրանց և պարգևի մշտական հաղթանակներ անձնական կյանքում և շախմատի ոլորտում:

Իր հերթին Լևոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով հայրապետական գնահատանքի համար, Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել առաջիկա մրցույթների մասին։ Խոսելով արձանագրած հաջողությունների մասին՝ գրոսմայստերը շեշտել է, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ ևս վերադարձնել հաղթանակների տեսքով։

[smartslider3 slider=112]