Search
Close this search box.

Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցների և մանկապարտեզների մեջ կկառուցվեն խաղաթաքստոցներ

Արարատյան Հայրապետական թեմի  և «Պահապան» զարգացման հիմնադրամի  համագործակցության արդյունքում հոկտեմբերի 8-ին թեմի 8 եկեղեցիներում կիրականացվի «Խաղաթաքստոց» բարեգործական միջոցառումը։ Ծրագիրը կիրականացվի Տավուշի սահմանամերձ համայնքներում:

Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին թեմի մամլո դիվանից, դրանք են՝ Ս.Սարգիս Առաջնորդանիստ, Ս.Զորավոր, Նոր Նորքի Ս.Սարգիս, ՀԱԹ Ս. Երրորդություն, Նոր Նորքի Ս.Աստվածածին, Նորք Մարաշի Ս.Աստվածածին և Դավիթաշենի Ս.Նահատակաց եկեղեցիներներում միջոցառումը կսկսվի ժամը 10:30-ին և կշարունակվի մինչև  ժամը 15:00-ը։

Միջոցառումը կիրականացվի Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների աջակցությամբ` ուրախ խաղային միջավայրում:

«Պահապան» հիմնադրամը կառուցում է թաքստոցներ սահմանապահ գյուղերի դպրոցների և մանկապարտեզների մեջ և կահավորում դրանք որպես խաղասենյակ: «Դարձի՛ր Պահապան, կպցրու քո կտոր փազլը Խաղաթաքստոցի վրա» միջոցառումը հնարավորություն կտա յուրաքանչյուրիս կատարել սեփական ներդրումը սահմանամերձ համայնքներում երեխաների անվտանգ ներկայի ապահովման հարցում:

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդներն արդեն միացել են նախաձեռնությանը։