Search
Close this search box.

2018 թ.-ին նախատեսված չէ թոշակների և աշխատավարձերի բարձրացում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ առաջիկա տարում թոշակների և աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում, բայց մյուս կողմից էլ չի կրճատվի որևէ սոցիալական ուղղվածության  ծառայություն. «Ճիշտ է, որոշակի ոլորտներում մենք ունենք ֆինանսավորման նվազեցում, սակայն կան նաև ոլորտներ, որտեղ ծառայությունները մատուցվելու են ավելի էժան գներով, մասնավորապես՝ առողջապահության  բնագավառում: Խոսքն, օրինակ, սրտի վիրահատությունների մասին է»,- նշել է պատգամավորը:

Ըստ նրա՝ 2018 թ.-ի պետական բյուջեի մուտքերը նախատեսվում են 1 տրիլիոն 300 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 460 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ շուրջ 156 միլիարդ դրամ, իսկ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կմոտենա 58 տոկոսի:

Ընթացիկ տարվա համար նախատեսված 3,4 % տնտեսական աճն էլ գերակատարվելու է. «Դա ցույց են տալիս իրողությունները: Մասնավորաբար, ծառայությունների և արդյունաբերության ոլորտում ակնկալվող տնտեսական աճը»,- ընդգծել է Գ. Մինասյանը: