Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի՝ Մոսկվայում բողոքի ակցիա է իրականացվել

Մոսկվայում մոտ 300 մարդ պիկետի է դուրս եկել ՔԿ գլխավոր վարչության շենքի մոտ, իրենց աջակցությունը հայտնելու Խաչատրյան քույրերին, որոնց մեղադրում են իրենց հոր սպանության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Կրեստինա, Անգելինա եւ Մարիա Խաչատրյաններին  վերջնական մեղադրանք էր ներկայացվել: Քույրերին դատելու են  «մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն» հոդվածով:  Ըստ հոդվածի՝ նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում:

Պաշտպանական կողմը պնդում է, որ քույրերը սպանությունն իրականացրել են երկար տարիներ շարունակվող բռնության պատճառով  անհրաժեշտ պաշտպանության շրջանակում եւ խնդրում է դադարեցնել քրեական գործը եւ վերաորակավորել մեղադրանքի հոդվածը:

Հիշեցնենք նաև, որ նախորդ տարի Մոսկվայում իր բնակարանում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դին՝ պարանոցի  ու կրծքի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով։

Աղջիկները խոստովանել էին սպանությունը եւ պատմել, որ իրենց հայրը երկար տարիներ ծաղրում եւ սեքսուալ բռնություն էր իրականացնում նրանց նկատմամբ: