Search
Close this search box.

Հայ-ռուսական միացյալ զորախմբի դերը. մի՞ֆ, թե՞ իրականություն

Երեկ ԱԺ-ում հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծման վերաբերյալ դրույթներից խոսելիս տեղի ունեցավ մի հետաքրքիր խոսակցություն։ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ բանավեճի ժամանակ հայտարարեց, որ, մեծ հաշվով, հայ-ռուսական զորախմբի ստեղծումը երեկ տեղի չի ունեցել, այլ՝ 1997-1998 թվականներին, այսինքն՝ ՀՀ առաջին իշխանության տարիներին։ Սակայն դա արվել է, այսպես կոչված, գաղտնի պայմաններում, ուստի, մեկ բառով ձևակերպած, եթե հարցեր կան այդ ուղղությամբ, ապա ուղղեք դրանք այն ժամանակվա իշխանություններին՝ ՀՀՇ-ին։Ստացվում է, որ իր բնույթով ամենալիբերալ քաղաքական իշխանությունը նույնպես ճիշտ է համարել միացյալ զորախմբի ստեղծումը, իսկ թե ինչի համար է դա ծառայելու, գաղտնի է պահվում, պարզապես նշվում է, որ երկու երկրներին սպառնացող արտաքին ու ներքին մարտահարավերներին դիմագրավելու համար է։

Անցել է մոտ 25 տարի, ու Հայաստանում ռուսական բազան ոչ միայն առկա է, այլև նոր պայմանագրով մինչև 2040 թվականն այնտեղ է լինելու։ Հետևաբար, տեսանելի ապագայում Հայաստանի արտաքին մարտահրավերները գոնե դեկլարատիվ հռչակագրերի տրամաբանությամբ չեն լուծվելու, եթե, իհարկե, ֆորսմաժորներ տեղի չունենան։

Այս համատեքստում բավական հետաքրքրական է դառնում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի երեկվա ելույթը, ով հայտարարել էր, որ հայ-ռուսական միացյալ զորախումբն անհրաժեշտ է, որովհետև Հայաստանը չի կարող միայնակ ապահովել սեփական անվտանգությունը։ Զուտ տրամաբանական մտքի տեսանկյունից սխալ բան չի ասել Շարմազանովը, որովհետև արդեն նշեցինք, որ հայ-թուրքական սահմանը ռուսական զորքերն են այսօր պահում, իսկ հայկական զինված ուժերի ամբողջ ռեսուրսն այսօր լծված է ԼՂՀ ու հայ-ադրբեջանական սահմանների պաշտպանությանը։ Այնպես որ, որևէ նորություն այստեղ չի ասել Շարմազանովը, և այն աղմուկը որ այսօր այս հարցի շուրջ բարձրացվել է, մի տեսակ տարօրինակ է հնչում։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նորմալ երևույթ է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունները չկարողացան ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանն ի վիճակի կլինի առանց կողմնակի ազդեցության ապահովել սեփական երկրի անվտանգությունը։ Սակայն ունենք այն, ինչ ունենք, եղած փաստերի, այդ թվում՝ հայ-ռուսական զորախմբի վերաբերյալ հայբուդուլն առնվազն մատնանշում է, որ, բացի ղալմաղամից, այս պահին այդ զորախմբին այլընտրանք չկա:

Կարեն Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից