Search
Close this search box.

Հերթական հանձնարարականը՝ հակակոռուպցիոն գործողությունների մասին

Կոռուպցիայի դեմ պայքարում վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական և գործնական փոփոխություններ: Այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը ու հավելեց, որ 2018 թվականին ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, մասնավորապես՝ գնահատվելու են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները։

Հաշվի առնելով այս ամենի կարևորությունը և այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն՝ Կառավարության ղեկավարը հանձնարարեց արդարադատության նախարարին ամփոփել և ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ: Բացի այդ, Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիրռ մարմիններին հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: «Գործողությունների կատարման ընթացիկ գործընթացի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել ինձ» ,- նշեց Կարեն Կարապետյանը: