Search
Close this search box.

Աղվան Պապիկյան. Մարզիչն ասաց, որ խաբել եմ և դրանից հետո հավաքականից հրավեր չեմ ստանում

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը, որն օրերս Լեհաստանի քաղաքացիություն է ստացել, «Sport.pl»-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու ինքն այլևս հրավեր չի ստանում Հայաստանի հավաքականից.

«Երբ ես վերադարձա Բելխատով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կարծես, մոռացավ ինձ:

Այնպիսի տպավորություն է` կարծես հավաքականում իմ կարիերան վերջացել է: Հեռախոսազանգ ստացա մարզչից, որն ինձ ցանկանում էր հրավիրել Հայաստանի երիտասարդական հավաքական: Ես շատ ուրախ էի, բայց վնասվածք էի ստացել: Նրան ասացի, որ նույնիսկ եթե գամ էլ հավաքական, չեմ կարողանա խաղալ: Այդ իսկ պատճառով, նախընտրեցի մնալ Բելխատովում և ապաքինվել այստեղ:

Աստիճանաբար վերականգնվեցի և Հայաստանի խաղից երեք օր անց արդեն խաղացի «Բելխատովի» կազմում: Մարզիչն ասաց, որ խաբել եմ իրեն և պարզապես չեմ ցանկանում խաղալ իմ երկրի համար, այլ` նախապատվությունը տվել եմ ակումբիս: Դա պարզապես թյուրիմացություն էր, մենք իրար չհասկացանք, և դրանից հետո ես այլևս հրավեր չեմ ստանում:

Շատ եմ ցանկանում հրավիրվել Հայաստանի հավաքական, բայց չգիտեմ` դա որքանով է իրատեսական: Մատներս խաչած եմ պահում Հայաստանի համար: Այս մրցաշրջանում արդեն 11 խաղ են անցկացրել, իսկ ես ոչ մի զանգ չեմ ստացել: Իսկ մեկ տարի առաջ, երբ լուրջ վնասվածք ստացա, ոչ ոք չզանգահարեց` տեսնելու, թե ինչպես եմ»,- ասել է հայ ֆուտբոլիստը: