Search
Close this search box.

Նախարարը շատ փոքր մարդ է, որ գնահատական տա. Կարեն Կարապետյանի գրասենյակ

Սպորտի նախարարը շատ փոքր մարդ է, որպեսզի գնահատական տա Սամվել Կարապետյանի գործունեությանը, Aysor.am-ին այս մասին հայտնեցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից՝ արձագանքելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երեկվա հայտարարությանը։

«ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձին, ծանր հարված հասցրեց և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ», -լրագրողների հետ հանդիպմանը ասել էր Հրաչյա Ռոստոմյանը։

«Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ կտանք իր գործով զբաղվել և իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել», – ասացին գրասենյակից՝ ընդգծելով՝ «սպորտի նախարարությունն ու նախարարն ինչի՞ համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձևը.։

«Կարծում ենք՝ այս հարցի պատասխանն ինքն էլ չգիտի, իսկ եթե մարդը չի կարողանում աշխատել, զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի և տեղը զիջի կարող ուժերին», – արձագանքեցին Կ. Կարապետյանի գրասենյակից։

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը զբաղեցնում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, սակայն այս տարի հրաժարական տվեց: Կարապետյանի հրաժարականից հետո ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատանքները համակարգում է ՀԱՕԿ-ը։