Search
Close this search box.

Արկադի Անդրեասյանը կշարունակի մարզել «Արարատը»

«Արարատ» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես եկել հայտարարությամբ՝ կապված թիմի ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանի որակազրկման հետ:

«Ի պատասխան տարածում գտած լուրերի, թե Արկադի Անդրեասյանի որակազրկումը փաստացի թույլ չի տա նրան աշխատել «Արարատում», տեղեկացնում ենք, որ թիմի ավագ մարզիչը որակազրկվել է կարգապահական կանոնակարգի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով, ըստ որի պատժամիջոցը կիրառված ակումբի ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց նկատմամբ արգելում է նրանց մուտքը հանդերձարաններ, խաղադաշտ եւ բոլոր շփումներն ակումբի անդամների հետ՝ սկսած խաղասկզբից 90 րոպե առաջ, մինչեւ խաղավարտից 45 րոպե հետո ժամանակահատվածում:

Սա նշանակում է, որ մարզիչը կարող է խաղին հետեւել տրիբունայից: Եվ քանի որ այս արգելքը ուժի մեջ է մտնում միայն խաղասկզբից մեկ եւ կես ժամ առաջ, այն չի կարող ազդել մարզիչի՝ թիմը մարզելու վրա: Նման որոշումներ կայացնողը միմիայն ակումբի ղեկավարությունն է»,- ասվում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն սեպտեմբերի 20-ին կայացրած որոշմամբ Երեւանի «Արարատի» ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին 2 տարով զրկել էր իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից՝  Հայաստանի առաջնության «Արարատ» – «Գանձասար-Կապան» խաղում հեռացվելու եւ ոչ մարզական պահվածքի համար: