Search
Close this search box.

Ռեկտորը դասախոսին ազատել է առանց իրավական հիմքերի. ՇՊՀ-ում ուսանողները դասադուլ են սկսում

armtimes.com-ը գրում է. Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Ինչպես տեղեկացրել էինք՝ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին բաց նամակով դիմած համալսարանի դասախոս, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ բուհի գիտխորհուրդն անվստահություն է հայտնել: Խորիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտխորհուրդը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ ինքը ժամանակավոր պաշտոնակատար է: Վերջինս կարծում է, որ նրանց նման քայլի է դրդել Սահակ Մինասյանը, ի դեպ, նա Շիրակի ՀՀԿ-ի կառույցի ղեկավարն է:
«Նրա այդ որոշումը ոչ մի իրավական հիմք չունի: Ես պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եմ մինչեւ նոյեմբերի կեսերը`ռեկտորի հրամանով: Այսինքն, ես գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ գիտխորհուրդն էլ իմ նկատմամբ անվստահություն հայտներ: Պատճառն այն է, որ իբր ես խաթարում եմ ֆակուլտետի բարոյահոգեբանական անդորրը: Ասում են, թե գիտխորհուրդը որոշել է, որ պետք է ուսանողներից, աշխատակիցներից ճշտումներ անենք Ձեր մասին, բայց այս պահին ի աջակցություն ինձ ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել: Սա հապշտապ որոշում էր, իսկ գիտխորհրդի անդամների 99 տոկոսը կամակատարներ են: Այնտեղ մտավորականություն գոյություն չունի, բոլորը իրենց անձնական շահերի հետեւից են ընկած, եւ բնական է, որ պետք է կողմ լինեին, որ ստուգումներ անցկացվեր»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խորիկյանն` ավելացնելով, որ Սահակ Մինասյանը իր դեմ լարվել էր այն բանից հետո, երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը ՇՊՀ-ում ստուգումներ կատարելու ժամանակ Խորիկյանը պատմել է որոշ թերությունների մասին:
Հովհաննես Խորիկյանի խոսքով`Մինասյանի պատճառով խախտվել է դասաժամերի անցկացման գործընթացը:
«Ամբողջ ուսումնական գործընթացը Սահակ Մինասյանը կազմակերպում է կամայական: Ամբիոնի դասաբաշխումները չի ստորագրում, որ իր ուզած մարդկանց դասաժամերն ավելացնի: Երկու պրոռեկտորները`Բագրատ Պողոսյանը եւ Անահիտ Ֆարմանյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է,-հեղ.) դասաբաշխումները ստորագրել են, ռեկտորն ի՞նչ իրավունք ունի, որ չի ստորագրում: Նա գիտաժողովների համար գումար չի տալիս, այնպես է անում, որ գիտխորհուրդի նիստերին անդամները կանգնում ու խոսում են ի պաշտպանություն ռեկտորի: Նրան, ում բարձ աշխատավարձ է տալիս, իր օգտին բարձր բղավում են: Ես մի քանի անգամ խնդրել եմ, որ գիտաժողովներ կազմակերպի հայաստանյան այլ բուհերի հետ, բայց մերժել է: Գումար չի տալիս, որ Ռուսաստանում գիտաժողովի մասնակցեմ, բայց ռեկտոր կոչվածը կարծեմ 400 հազար դրամ տալիս է ինչ-որ ռոք համերգի»,-նշում է Խորիկյանը:
Այսօր տեղեկացրել էինք, որ Սահակ Մինասյանը բուհը լցրել է իր բարեկամներով: Աշխատանքով է ապահովել քավորին, սանիկին, քրոջ որդուն եւ նրա կնոջը: Խորիկյանի խոսքով`Մինասյանը հովանավորում է նաեւ նախարար Լեւոն Մկրտչյանի համակուրսեցուն:
«Կրթության եւ գիտության նախարարի համակուրսեցին է, դրան հովանավորում է, ասում է, որ պետք է ժամերն ավելացնի: Այդ անձնավորույթունը որպես մասնագետ գոյություն չունի, ուսանողները քննությունները բոյկոտում են, աշխատանքային պարտականություններն ամբիոնում բացարձակ չի կատարում: Նրան Գյումրու երեք դպրոցներից տնօրենները դուրս են արել`ոչ մանկավարժական պահվածքի համար»,-ասում է դասախոսը եւ նշում, որ ՀՀԿ-ական ռեկտորի միակ ցանկությունն է բոլորին ենթարկել իրեն:
«Իր ուզածն այն է, որ պետք է բոլորը իր թրի տակով անցնեն: Մեր բուհում մարդիկ կան, որ ասում են նրա անարդարության դեմ պայքարելն անիմաստ է, բայց ռեկտորը մեկ ամիս շարունակ խուսափում է ինձ հետ հանդիպել»:
Ի դեպ, նշենք, որ ի պաշտպանություն Հովհաննես Խորիկյանի կազմակերպված ստորոգրահավաք դիմումներում կարդում ենք, որ ուսանողները պատրաստվում են նաեւ դասադուլ անել:
«Մենք դեմ ենք ուսւոմնական պլանի փոփոխությանը, քանի որ այն չի ծառայում կրթության որակի բարձրացմանը, կրթական վերջնարդյունքների ապահովմանը, քանզի անիմաստ ենք համարում նույն առարկաների բազմակի ուսուցանումը: Հիմնավորել` ինչ պատճառով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերը չեն զեղչվում»,-գրված է ուսանողների դիմումի մեջ: