Search
Close this search box.

ՀՀ ԱԳ նախարար. Հայաստանը մտահոգ է Մերձավոր Արևելքում ինքնության հողի վրա ահաբեկչական խմբավորումների հանցագործությունների առնչությամբ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի նախարարական հանդիպմանն ունեցած ելույթում ընդգծել է, որ  Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Դաշինքի նպատակներին.

«Հանդիսանալով աշխարհի հնագույն պետություններից մեկը, Հայաստանը գտնվել է տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում, ինչը նպաստել է, որ մեր մոտ ձևավորվեն խորը արմատներ ունեցող ավանդույթներ՝ հիմնված այլ մշակույթների և կրոնների նկատմամբ հարգանքի, հանդուրժողականության և համակեցության վրա: Ահա թե ինչու Հայաստանում պահպանվում է հարուստ մշակութային ժառանգություն, որն ի թիվս այլոց, ներառում է Հելլենիստական դարաշրջանի տաճար, հնագույն եկեղեցիներ, միջնադարյան հրեական գերեզմանատուն, 18-րդ դարի մզկիթ, իսկ շուտով այստեղ կավարտվի աշխարհի ամենամեծ եզդիական տաճարի կառուցումը: Ահա թե ինչու հայերն ունեն լավագույնս ինտեգրված և հարգանք վայելող համայնքներ աշխարհի շուրջ հարյուր երկրներում»:

Է. Նալբանդյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մտահոգված մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրադրության և ահաբեկչական խմբավորումների կողմից ինքնության հողի վրա իրականացվող հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են հատկապես ամենախոցելի համայնքների՝ քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դեմ. «Մի ժամանակ այս տարածաշրջանում ազգային ու կրոնական բազմազանությունը բարձրագույն արժեք էր։ Այժմ այդ ավանդույթները էապես խեղվել են։ Անհրաժեշտ է անկախ քաղաքական և կրոնական տարբերություններից աջակցություն ցուցաբերել տուժած համայնքների պաշտպանությանն ուղղված ջանքերին»,-նշել է Է. Նալբանդյանը: