Search
Close this search box.

Սյունիքում 3 անձի դանակահարության գործով մեկ մարդ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սեպտեմբերի 21-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 2017թ սեպտեմբերի 22-ին, ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ՝ երկուսը ծնված 1975թ. և մեկը՝ 1971թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ծանր մարմնական վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է, ծնված 1991թ. պարզվել է նաև շարժառիթը։

Նախնական տվյալներով՝ վիճաբանությունն առաջացել է անձնական ավտոմեքենայով Երևանից Ագարակ իրականացրած ուղևորափոխադրման դիմաց պահաջված գումարի չափի պատճառով, որի ժամանակ էլ 26-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նշված տղամարդկանց։ Երիտասարդը ձերբակալվել է, վերջինս ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: