Search
Close this search box.

Նալբանդյանը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ընդգծելով համանախագահության կարևոր առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու գործում։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ։ Զրուցակիցներն արծարծել են սեպտեմբերի 23-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր»,-նշված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Նալբանդյանի սպասվող հանդիպման օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։