Search
Close this search box.

«Փաստ». Ապրիլյան պատերազմի վերաբերյալ 23 գանգատի դատաքննությունը սկսված է

«Փաստ» թերթը գրում է. «2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավաբան–իրավապաշտպանների խումբը 359 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Իրավաբան–իրավապաշտպանների խմբի անդամ Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ընթացքի մեջ են գանգատները:

«23 գանգատի դատաքննությունը սկսված է: ՄԻԵԴ–ը նշված գանգատների գործով սկսել է վարույթ իրականացնել»,–«Փաստ»–ին ասաց Արա Ղազարյանը:

Առանձնացված 23 գործերի մեջ են մտնում Թալիշի ծերունիների, ԼՂՀ ՊԲ սպանված զինվորների դիակների անարգանքի և երեք զինվորների գլխատումների գործերը: ՄԻԵԴ ներկայացված բոլոր գանգատները 2016 թ. ապրիլի 2–5–ը ղարաբաղա–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ են»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: