Search
Close this search box.

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կրթական բարեփոխումների մասին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում կրթության ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար. «Առանձանակի ուզում եմ կարևորել այն մեծ և մշտական աջակցությունը, որը դեսպանատունը ցուցաբերել է կրթության համակարգի հանդեպ: Շնորհակալ եմ նաև Հայաստանի նկատմաբ Ձեր ունեցած բարեկամական վերաբերմունքի համար»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Իր հերթին դեսպան Շարպանտիեին ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու, մասնավորապես, նշվել է Հայաստանի Ֆրանսիական համալասարանի, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի մշակած և հանրային քննարկման ներկայցված օտար լեզուների դասավանդման հայեցակարգը, որով նախատեսվում է հանրակրթական դպրոցներում և բուհերում մի շարք օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայեցակարգի հիմնական նպատակը սովորողների շրջանում օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումն է, որին միտված է տարբեր լեզուներով խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացումը: Հանրապետությունում առկա է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10 դպրոց: Ձևավորվել է յուրօրինակ ցանց, որն, ինչպես իր խոսքում նշել է ԿԳ նախարարը, կարող է նաև ընդլայնվել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր: