Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանը սեփականաշնորհել է մի ամբողջ փողոց

Մինչ հեղինակազրկված Մանվել Գրիգորյանը ԱԱԾ մեկուսարանում սպասում է իր օրինական դատավճռին, Էջմիածնում բացահայտում են նրա կողմից իրագործված նորանոր հանցագործություններ, որոնք ապշեցնում են դրանք իրականացնողի ագահությամբ և լկտիությամբ:

Էջմիածինը ամբողջությամբ Մանվել Գրիգորյանի տիրապետության տակ էր, և նա ամեն առիթով փորձում էր ցուցադրել քաղաքի նկատմամբ ունեցած իր բացարձակ իշխանությունը: Նա ամբողջական փողոցներ էր փակում, և որոշում որտեղ կարելի է մեքենաներ կայանել, իսկ որտեղ է դա արգելված անել, դրանից բխող ծանր հետևանքներով: Բայց այս մեկը ուղղակի սարսափեցնում է, որովհետև ի ցույց է դնում Հայաստանում պետության բացակայությունը:
Մանվել Գրիգորյանը սեփականաշնորհել է Էջմիածնի փողոցներից մեկը: Սա ամենևին կատակ չէ, այլ բացարձակ իրականություն:

Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի սրճարանը Մանվել Գրիգորյանի սեփականությունն է, որտեղ նա սիրում էր անցկացնել իր երեկոյան հանգիստը: Այդ սրճարանի հետևի մասում է գտնվում ամբողջովին ասֆալտապատ և բարեկարգ փողոց, որը դատելով իր արտաքին տեսքից պետք է, որ հանրային օգտագործման տարածք լինի: Բայց Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո պարզվել է, որ 80 մետր երկարություն և 3,5 մետր լայնություն ունեցող այդ փողոցը սեփականաշնորհված է և պատկանում է Մանվել Գրիգորյանին:

Մարդը կարող էր չէ վերցնել ու սեփականաշնորհել ամբողջ քաղաքը, բոլոր փողոցներով ու տներով, մայթերով ու խաչմերուկներով, բայց համեստորեն սահմանափակվել է միայն մեկ փողոց սեփականաշնորհելով: Մերտեղեկություններով այս մասին տեղեկացվել է նաև քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը: Սակայն մի բան է տեղեկացված լինելը, մի այլ բան այդ սարսափելի անօրինականության վերացումը: Քաղաքապետարանը ընդամենը պետք է դիմի դատարան՝ քաղաքին պատկանող և հանրային օգտագործման համար նախատեսված փողոցը քաղաքին վերադարձնելու պահանջով, ինչը անկասկած կբավարարվի, դրանով ցույց տալով որ պետությունը վերադարձել է Էջմիածին:

Քաղաքապետ Գասպարյանը պետք է շուտափույթ կարգով զբաղվի ոչ միայն այս, այլ Մանվել Գրիգորյանի և նրա որդու կողմից վերջին 20 տարիների ընթացքում իրականացված հարյուրավոր ու գուցե հազարավոր նման ապօրինությունների և դրանց հետևանքների վերացմամբ: Այլապես այնպիսի տպավորություն է, որ Մանվելը հեռացել է, բայց մանվելիզմը շարունակում է իշխել Էջմիածնում: