Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը` Հայաստանի զարգացման բանալի

Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների թիվ մեկ խնդիրը եղել և մնում է տնտեսական իրավիճակի բարելավումը: Բոլորին թվում է, որ դրան հասնելու ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհը օտարերկրյա ներդրումների ապահովումն է: Կգան օտարերկրյա ներդրողները իրենց գումարներով ու տեխնոլոգիաներով, կստեղծեն արտադրության և սպասարկման ոլորտի ձեռնարկություններ, կբացեն աշխատատեղեր և կվճարեն հարկեր: Եվ մարդիկ աշխատանք կունենան, և պետական բյուջեն հսկայական միջոցներ կստանա: Բայց չգիտես ինչո՞ւ այս ծրագրի իրականացումը ոչ մի կառավարության մոտ չի ստացվում:

Ամեն անգամ և յուրաքանչյուր կառավարության թվում է, թե կա օտարերկրյա ներդրողներին խոչընդոտող ինչ որ մի գործոն և բավարար է դա վերացնել, ու ներդրողների հոսքը միանգամից կսկսվի: Օրինակ` վարչապետ Կարեն Կարապետյանին թվում էր, որ ինքը այնքան հեղինակություն ու հարգանք ունի, որ կարող է համոզել ռուսաստանցի հայ ներդրողներին գալ Հայաստան և 3 մլրդ դոլար ներդնել, հետո համոզվեց, որ իր հեղինակությունը բավարար չէ նույնիսկ մի քանի միլիոն ներդրում բերելու համար, որովհետև այդպես էլ հնարավոր չեղավ ներկայացնել օտարերկրյա որևէ լուրջ ներդրման օրինակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ թվում է, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավմանը խոչընդոտում էր կոռուպցիան, կաշառակերությունը և պետության կողմից հովանավորվող մենաշնորհները: Եթե դրանք վերացվում են, ներդրողների հեսքից տեղ ու դադար չի լինելու: Ու չնայած վարչապետ Փաշինյանը արդեն տևական ժամանակ հայտարարում է, որ Հայաստանում կոռուպցիա այլևս չկա, որ ով ինչ տնտեսական գործունեությամբ ուզում է կարող է զբաղվել, բայց ներդրողներ չկան ու չկան: Այդ դեպքում որն է գաղտնիքը:

Պետք է հստակ հասկանալ, որ Հայաստանում կա առնվազն չորս հիմնական պատճառ, որոնց առկայությունը խոչընդոտելու է օտարերկրյա ներդրումներին: Առաջինը Հայաստանի փոքր և ցածր վճարունակ շուկան է: Օտարերկրյա ներդրողները գնում են այնտեղ, որտեղ կա մեծ շուկա, և սեփական արտադրանքը կարելի իրացնել առաջին հերթին տեղական շուկայում:

Երկրոդը պատերազմի վերսկսման սպառնալիքն է: Ոչ մի օտարերկրյա ներդրող իր գումարը չի ներդնի մի երկրում, որը ամեն վայրկյան կարող է ներքաշվել պատերազմի մեջ: Օտրարերկրյա ներդրողը սիրում է կայունություն և ապահովություն:

Երորրդը Հայաստանի շրջափակումն է, և ենթակառուցվածքների բացակայությունը: Հայաստանը չունի ելք դեպի ծով, չունի երկաթուղային կապ միջազգային շուկաների հետ, իսկ ավտոմոբիլային փոխադրումները անհուսալի են, և կապված են եղանակային քմահաճույքներից:

Եվ չորրորդը Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի բարձր արժեքն է, որը մտնելով արտադրության ինքնարժեքի մեջ, էապես ազդում է մրցունակության նվազեցման վրա: Օտարերկրյա ներդրողը կգերադասի նույն արտադրությունը կազմակերպել այնտեղ, որտեղ այս չորս գործոնները բացակայում են: Իհարկե, կան օտարերկրյա ներդրումներին խոչընդոտղ այլ գործոններ ևս` հարկային բարձր դրույքաչափեր, պրոֆեսինալ կադրերի պակաս և այլն, բայց դրանք այնքան էլ վճռորոշ չեն:

Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանում ներդրումները պետք է բացառել, և ընդհանրապես Հայաստանի տնտեսությունը դատապարտված է: Ամենևին: Քանի որ Հայաստանը գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար, հիմնական շեշտը պետք է դրվի ներքին ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծմանը: Ի տարբերություն օտարերկրյա ներդրողների, ներքին ներդողները սովորել են աշխատել շրջափակման, թանկ էներգոռեսուրսների, պատերազմի վերսկսման սպառնալիքի և փոքր շուկայի պայմաններում: Նրանք արդեն ադապտացվել են այդ դժվարություններին և նույնիսկ նման էքստրեմալ պայմաններում կարողացել են շահույթ ստանալ և զարգացնել իրենց տնտեսությունը:

Դրա լավագույն օրինակը գործարար Գագիկ Ծառուկյանն է, ով նույնիսկ նման դժվարին պայմաններում հարյուր միլիոնավոր և նույնիսկ միլիարդավոր դոլարների ներդրում է ապահովում Հայաստանի տնտեսության մեջ, ստեղծելով տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր: Որևէ օտարերկրյա ներդրող չի կարող միաժամանակ ներդրումներ անել «բլոկ չեյն» տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի մայնինինգի, տեքստիլ արդյունաբերության, արևային վահանակների արտադրության, հյուրանոցային բիզնեսի, էկոտուրիզմի, կապիտալ շինարարության և բազմաթիվ այլ բնագավառներում: Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող անձիք ասում են, որ Հայաստանում տնտեսական հրաշք տեղի կունենար, եթե Գագիկ Ծառուկյանի նման գոնե 10 գործարար լիներ:

Իսկ ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում լինեն Ծառուկյանի նման գործարարներ, ովքեր ոչ միայն իրենք են ներդրումներ անում, այլ իրենց անձնական երաշխավորությամբ Հայաստան բերում օտարերկրյա ներդորղներին: Դրա համար կա միայն մի ճանապարհ. ուղղակի չնախանձել Գագիկ Ծառուկյանի հաջողությանը և չխանգարել նրան: Որքան էլ պետական կամ կառավարական մակարդակով կոչեր հնչեն ներդրողներին Հայաստան հրավիրելու մասին, դրանք կմնան անարդյունք, որովհետև ներդրողները չեն վստահում կառավարություններին և պետական պաշտոնյաներին, նրանք վստահում են իրենց նման մարդկանց`իրենց երկրներում հաջողակ գործարարներին:

Միայն հաջողակ գործարարը իր օրինակով ու երաշխավորությամբ կարող է օտարերկրյա ներդրողին հրավիրել Հայաստան ներդրում անելու, որովհետև ներդրողը ոգևորվում է հաջողված փորձից, և ոչ թե կառավարական կոչից: Սրա գիտակցումն է Հայաստանի տնտեսության զարգացման և առաջընթացի բանալին: