Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:
Արարողությանը ներկա էին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներ, հասարակական գործիչներ:
 Մաղթանքի ընթացքում հոգևոր դասն ու հավատավոր ժողովուրդը միահամուռ աղոթք բարձրացրեցին Հայաստանի Հանրապետության ապահովության և անսասանության, ինչպես նաև խաղաղ և առաջընթաց կյանքի համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ծնրադիր հայցեցին Երկնավոր Տիրոջ հովանին աշխարհասփյուռ հայոց ազգին:
Արարողության ավարտին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Միածնաէջ Մայր Տաճարից իրենց պատգամն են հղել ժողովրդին:
Հանրապետական մաղթանքի արարողակարգում Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը մասնավորապես նշել է.
«Համազգային տոն է տարեդարձը մեր անկախ պետականության, որը  պսակն է հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի, մեր հայրենիքի մաքառումների ու հաղթանակների, նաև՝ վկայությունը քրիստոնեական մեր ինքնության ու գոյության: Արդարև, մարդկային ուժերը չպիտի բավարարեին դիմակայելու դարերի ընթացքում մեր ժողովրդին բաժին ընկած հալածանքներին ու անարդարություններին, չպիտի բավարարեին պահպանելու հավատը ազատության ու արդարության հանդեպ և հույսն ու լավատեսությունը խաղաղ ու լուսավոր կյանքի…
Ազատությունն ու անկախությունը այսօր էլ իմաստ ու արժեք են ստանում, երբ քրիստոնեական մեր արժեքները, միմյանց հանդեպ սերը, ազգ, պետություն շենացնելը գերիշխող նպատակներ են մեր կյանքում: Թանկ ենք վճարել մեր անկախ պետականության համար: Պահենք Հայաստան մեր երկիրը, մեր հայրենիքը, որ լինի պատվարը ազգահավաքության, մեր աշխարհացրիվ ժողովրդի ապահովության և առաջընթացի, պահենք մեր երկիրը մեր զավակների և սերունդների լուսավոր կյանքի համար, պահենք մեր երկիրը Աստծո փառքի համար:
Գոհության մաղթանքով, սիրելիներ, վերստին աղոթք բարձրացնենք առ Աստված և հայցենք, որ Տերը պահպանի մեր ժողովրդին միասնական ու համախումբ, արի ոգով, ամուր հավատքով, որպեսզի մշտապես զորանա լինելու ընտրյալ ազգ, թագավորություն, քահանայություն, ազգ սուրբ և Աստծո սեփական ժողովուրդ և իր հոգու առաքինությունները ծառայեցնի հայրենաշեն ու ազգանվեր իր նպատակներին: Թող Աստված խաղաղություն ու բարօրություն պարգևի աշխարհին, մեր հայրենիքին ու աշխարհասփյուռ ժողովրդին, որպեսզի խնդությունն ու բերկրանքը իր հոգում մեր ժողովուրդը միշտ տոնախմբի հայոց պետության անկախությունը և շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղի միմյանց: Թող Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը հովանի լինեն մեր երկրին, Հայաստան և Արցախ աշխարհին, և աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և հավիտյանս. ամեն»:
[smartslider3 slider=70]