Search
Close this search box.

Սերժ Սարգսյանի չորս միլոնանոց Հայաստանի խոստումը

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը Հայաստանի գալիք 25 տարիների ծրագրերի թվում կարևորներից է: Այս մասին այսօր Մարզահամերգայիան համալիրում Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի բացմանն ասաց Սերժ Սարգսյանը:
«Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների: Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը: Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 մլն բնակիչ»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացմամբ, մարդկանց կյանքի տևողության երկարացմամբ և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով այդ նպատակին դժվարությամբ կհասնենք: Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում: Ըստ Սերժ Սարգսյանի՝ հենց այս խնդրի իրականացումն է դառնալու գալիք մի քանի Հայաստան-Սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման:
«Մինչև հաջորդ համաժողով մենք կավարտենք բոլորիս անելիքների քարտեզագրումը, կբյուրեղացնենք ինչպես մեր միասնական քայլերի տրամաբանությունը, այնպես էլ Սփյուռքի յուրաքանչյուր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը: Հաջորդ Հայաստան-Սփյուռք համաժողովը լինելու է 4 մլն-ոնց Հայաստան ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը: Սա պայմանավորվում ենք հենց հիմա, այստեղ, և այս պայմանավորվածությունը մենք հաստատակամորեն իրականացնելու ենք»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ հայաստանյան և համահայկական կառույցները արդեն երկար ժամանակ է՝ համակարգված աշխատանք են տանում Սփյուռքի համայնքներից դեպի հայաստանյան կյանք երիտասարդ մասնագետների, գործարարների հայրենադարձությանն օժանդակելու համար: «Կարծում եմ, որ մենք հասունացել ենք հայրենադարձության կազմակերպման հարցի շուրջ լրջորեն քննարկում ծավալելու համար»,- հավելեց նա: