Search
Close this search box.

Հայաստան-Սփյուռք համաժողովի դեկլարատիվությունն ու մերկությունը

Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ , և ինչպես նշում է Սփյուռքի նախարարությունը՝ համաժողովին մասնակցում է ավելի քան 1500 մարդ` 70 երկրից: Իհարկե, շատ լավ է, որ այդպիսի համաժողովներ են կայանում և տրամաբանությունը հուշում է, որ հենց այդպիսի համաժողովների ժամանակ պետք է ծնվեն նոր գաղափարներ, ստեղծվեն հայրենիքի հետ կապող նոր կամուրջներ, որոնք ի վերջո նոր շնչառություն և նոր լիցք պետք է հաղորդեն երկրի տնտեսությանը:

Բայց, սովորաբար, նման կարգի համաժողովները, որի ընթացքում հնչում են գլխավորապես դեկլարատիվ բնույթի զեկույցներ, կոչեր, Հայաստանում անպտուղ են: Եվ պտուղ չտալու պատճառն ամենևին էլ այն չէ, որ սփյուռքահայերը չեն ցանկանում մայր հայրենիքը տեսնել զարգացած ու առաջադեմ: Նրանք չեն մերժում Սփյուռքի նախարարության հրավերը, գալիս են, մասնակցում համաժողովին, լսում համախմբման կոչեր, մի քանի օր մնում հայրենիքում, շրջագայում, տեսնում, որ նույն անվստահության մթնոլորտն է ու լուռ թողնում, հեռանում:

Թերևս, այս կարգի համաժողովներից շահում է միայն Սփյուռքի նախարարությունը՝ ի ցույց տալով, թե ինչ կարգի միջոցառումներ է կազմակերպում և ինչ արդյունավետ է գործում Հրանուշ Հակոբյանի ղեկավարած գերատեսչությունը: Արտաքուստ հնչեղ ներկայացվող այս գաղափարն իրականում զուրկ է ներքին բովանդակությունից, իսկ Սփյուռքի նախարարության դեպքում այդ չեղած բովանդակության պերճանքն ու թշվառությունը հանրությանը ծանոթ է օրինակ՝ «Արի տուն» ծրագրով, որը տարեց-տարի որակազրկվեց և այսօր երկրում երիտասարդներից շատերը պարզապես երազում են մասնակցել «հեռանալ տնից» ծրագրին:

Նույն արտացոլանքը նաև գործարար շրջանակում է: Բազմաթիվ փաստեր հրապարակվեցին, որ քաղաքականության հետ սերտաճած օլիգարխներն իրենց ունեցվածքը վաճառում են ու բիզնեսն արտահանում արտերկիր: Եթե այստեղ ապրող գործարարը չի ցանկանում ներդրում կատարել, ապա անհասկանալի է, ինչպես պետք է Հրանուշ Հակոբյանն իր նախաձեռնած համաժողովներում մարդկանց համոզի, որ Հայաստանում ներդրում կատարեն: Եվ առհասարակ, հետաքրքիր է իմանալ, մինչ այժմ նույնաբովանդակ 5 համաժողովներից, քանի սփյուռքահայ է տոգորված իր բիզնեսը տեղափոխել Հայաստան:
ArmLife.am