Search
Close this search box.

Ցմահ դատապարտյալի բաց նամակը ՀՀ բարձրագույն իշխանությանը

Մեծարգո Նախագահ Սերժ Սարգսյան, հարգարժան պր-ն Վարչապետ, ԱԺ նախագահ պր-ն Բաբլոյան, ամեն օր բարձրաձայնում եք արդարադատության և դատաիրավական ոլորտներում կատարվող բարեփոխումների մասին:

Բայց ինչպես ասում են` «անունը կա, անանուն չկա» կամ ավելի ճիշտ` այդ ամենն արվում է Եվրոպայի աչքին թոզ փչելու, ժողովրդավար պետության համբավ ունենալու համար:

Մասնավորեցնենք․ խոսքը վերաբերվում է ցմահ դատապարտյալների ճակատագրին, նրանց վաղաժամկետ ազատման խնդիրներին։ Համարյա չկա մի օր, որ լրատվամիջոցներում անդրադարձ չլինի ցմահ այս կամ այն դատապարտյալի խնդիրներին, նրանց ոտնահարված իրավունքներին: Մոտ մեկ ու կես տասնամյակ առաջ մահապատժի փոխարեն «ներում» ստացած ցմահ դատապարտյալները կարծես կյանքի ու մահվան սահմանագծում հայտնված լինեն, երկնքից առկախ մի հարց է` լինել թե չլինել, որովհետև սպասում են իրենց այդպես էլ չավարտվող պատժին:

20 և ավելի տարիներ անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալներին օրենքը հնարավորություն է տալիս պայմանական վաղաժամկետ ազատվել` պայմանով, եթե նրանք ուղղվել են: Հավատացեք, շփվելով նրանց հետ, Դուք էլ կհամոզվեք, որ շատերը փոխվել, ուղղվել են, զղջացել են իրենց կատարած հանցանքի համար՝ ապաշխարհում Աստծուն: Չփոխվել հնարավոր չէր, քանի որ նրանց հետ աշխատել և աշխատում են Արդարադատության նախարարության ՔԿ հիմնարկի փորձառու մասնագետները: Նրանք օր ու գիշեր հետևել են ցմահ դատապարտյալների առօրյային և վարքագծին և ուղղման աշխատանքներ են իրականացնում:

Բայց չգիտես ինչու, վաղաժամկետ պայմանական ազատման հարցերը «քննող հանձնաժողովը» որպես կանոն բացասական եզրակացություն է տալիս ցմահ դատապարտյալներին: Էլ ո՞ւր մնաց տարիներով աշխատանքը, ինչո՞ւ եք պետբյուջեի սուղ միջոցներով քրեակատարողական հիմնարկներում այդպիսի մասնագետների վարձատրում, որոնց աշխատանքը ջուրն է լցվում: Նրանք եզրահանգում են, որ դատապարտյալը ուղղվել է, հանձնաժողովի անդամները 5 րոպեում «ոչ» են ասում: Ուրեմն, խնայեք պետության փողերը, մի կտրեք ցմահ դատապարտյալների թևերը, մի կոտրեք հույսն ու հավատն այն մարդկանց, որոնք ուզում են իրենց կյանքի մնացած տարիները ընտանիքի հետ ապրել:

Դիմում ենք Ձեզ` պր-ն Սարգսյան` որպես Սահմանադրության երաշխավոր, պր-ն Կարապետյան և պր-ն Բաբլոյան՝ որպես գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարներ. կատարեք օրենսդրական փոփոխություններ, այնպիսի նորամուծություն, որպեսզի իսկապես կանաչ լույս վառվի 20 և ավելի տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալների համար, ովքեր ուղղվել են : Այնպես արեք, որ իսկապես աշխարհը զարմանա մեր երկրի ժողովրդավարությամբ և բոլորս հավատանք, որ փոխվել ենք:

Ստեփան Հասրաթյան