Search
Close this search box.

Արտակարգ դեպք Գյումրիյում.29-ամյա տղան դանակահարել է հորը ու փորձել այրել տունը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ սեպտեմբերի 12-ին՝ կեսգիշերին մոտ, Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչ, 55-ամյա Նազելի Ադամյանը ահազանգել է Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ 29-ամյա որդին՝ Նարեկ Ադամյանը, տանը, գտնվելով հոգեպես անհավասարակշռված վիճակում, շինարարական լուծույթ /ռաստվորիտել/ է լցրել սենյակներում և սպառնում է տունը այրել: Հայրը՝ 56-ամյա Սայաթ Ադամյանը, փորձել է կանխել այդ ամենը, սակայն Նարեկը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև վնասել է մոր ձեռքը, իսկ երբ այդ ամենին փորձել է միջամտել քույրը՝ 22-ամյա Աննա Ադամյանը, նա սկսել է կծոտել քրոջը: Գ. Շամշյանի տեսղեկություններով՝ վնասվածքներ է ստացել նաև Նարեկը, ով 2012 թվականից հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում: Իսկ Ն. Ադամյանը աշխատում է Գյումրիի պոլիկլինիկաներից մեկում՝ որպես բժշկուհի: Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը կարողացել է Ն. Ադամյանին տեղափոխել ստացիոնար բուժման: Հայտնաբերվել է նաև հանցագործության առարկա հանդիսացող դանակը: Ընտանիքի բոլոր անդամներին տրվել է դատաբժշկի ուղեգիր: