Search
Close this search box.

«Գնահատե՞լ եք ԵՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը, և Հայաստանն ի՞նչ կորցրեց» Վարչապետի պարզաբանումը

Հայաստանն այս պահին մտահոգություն չունի ԵՏՄ-ից դուրս գալու հարցով: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը բարձրացրեց ԵՏՄ-ից դուրս գալու հարցը: «Արդյոք դուք՝ որպես կառավարություն, գնահատե՞լ եք ԵՏՄ-ում մնալու տնտեսական ռիսկերը, և Հայաստանն ի՞նչ կորցրեց«,- հարցրեց պատգամավորը:
Նա նշեց, որ հետաքրքիր է՝ կառավարությունն ունի՞ սցենար, որ որոշ ցուցանիշների դեպքում պետք է դադարեցնել անդամակցությունը ԵՏՄ-ին, թե՞ պետք է սպասել, որ ինքն իր մահով մահանա:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ պատրաստ են գրավոր ու հաշվարկներով վերլուծություններ ներկայացնել այս հարցով:
«Ես կփորձեմ ձեր հարցերի փիլիսոփայությունը բացատրել: Ինչո՞վ է ԵՏՄ-ն լավ, դա մեր մակրոտնտեսական ցուցանիշներն են: Ի՞նչ կլիներ, եթե մենք ԵՏՄ-ում չլինեինք, այդ վերլուծությունը հնարավոր է անել, բայց ես իրականում չեմ տեսնում այլ շուկաներ, որտեղ մենք կորցրել ենք՝ ԵՏՄ ակումբի անդամ լինելով: Եթե կարող եք հուշել, խնդրեմ»,- ասաց նա:
Վարչապետի նշեց, Հայաստանը հինգ երկրների ակումբի անդամ է, որտեղ պայմանավորվում են որոշակի կանոններով ներքին դաշտում աշխատել:
«Ես այս պահին չգիտեմ շուկաներ, որի նկատմամբ մենք պակաս ուշադիր ենք՝ ելնելով մեր այսօրվա ներուժից և այնտեղ ջանք չենք կիրառում: Երբ ամփոփ վերլուծությունը ներկայացնենք, դուք կտեսնեք թվերը, արտահանման աճի տեմպը դեպի ԵՏՄ ավելի ցածր է, քան դեպի Եվրամիություն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ Հայաստանը այլ երկրների հետ նույնպես զարգացնում է հարաբերությունները, օրինակ, Իրանի ու Թուրքմենստանի հետ:
«Կգա պահը, որ մենք ԵՏՄ-ից դուրս կգանք, թե չէ, այս պահին մենք նման մտահոգություն չունենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Մանե Թանդիլյանն արձանագրեց, որ տարօրինակ է վարչապետի այն հայտարարությունը, թե ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ոչինչ չի կորցրել:
«Ըստ էության դուք 500 մլն-ոց եվրոպական վճարունակ շուկան կորուստ չեք համարում և հաշտվում եք այն իրավիճակի հետ որ կա՝ ասելով, թե մեր ապրանքները մրցունակ չեն այնտեղ: Մենք պետք է ներդրումներ անեինք և մրցունակ լինեինք»,- ասաց պատգամավորը:
Ի պատասխան վարչապետը հարցադրում արեց՝ եթե դեպի Եվրամիություն Հայաստանի արտահանումն ավելի շատ է, քան դեպի ԵՏՄ, դա նշանակում է, որ մենք Եվրամիության շուկան կորցրե՞լ ենք:
«Մենք 31 տոկոս արտահանման աճ ունենք Եվրամիության հետ: Իսկ ո՞վ է գնահատել, որ պետք է լիներ 46 տոկոս, բայց 31 է: Ավելին, մենք իրանական շուկայում էլ ունենք արտահանման աճ: Այդ իսկ պատճառով մենք իրականում պատրաստ ենք ձեզ հետ նստել ու զրուցել, եթե ունեք փաստարկներ»,- հավելեց Կարեն Կարապետյանը: