Search
Close this search box.

«Փաստ».Ռուսաց լեզվի ուսուցման խորացման հանձնարարական վարչապետից

«Փաստ» թերթը գրում է. «Ընդամենը վերջերս էր անցել ժողովրդի զայրույթը ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի կապակցությամբ, և ահա մեր Կրթության և գիտության նախարարությունում որոշել են փոփոխել հայաստանյան հանրակրթական դպրոցներում իրականացվող ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը, այն է՝ առավելություններ վերապահելով այս լեզվին: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում, այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Սրանից բացի, կավելանա ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների թիվը, «Ռուսաց լեզու» առարկայի պետական ամփոփիչ ատեստավորման ժամանակ ոչ միայն գրավոր, այլև բանավոր խոսքի տիրապետման մակարդակի գնահատում կկատարվի:

Այս մասին նախագիծը հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ընդամենը օրեր առաջ: Եվ որ ամենահետաքրքիրն է, այս իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարչապետի՝ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: «Նպատակն է ապահովել իրական գործնական արդյունք, այն է՝ ռուսերենով հաղորդակցական հիմքերի ստեղծում, անձի հոգևոր և մտավոր զարգացում: Ռուսերենի դասավանդման շնորհիվ սովորողների գիտակցության մեջ տեղի ունեցող տարբեր լեզվական համակարգերի փոխներգործության և համեմատության հիման վրա համընդհանուր գործառնությունների խոսքային կարողությունների ձևավորում և զարգացում: Ռուսերենի ուսուցմամբ զարգացնել սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները»,– կարդում ենք նախագծում:

Նախագծի հեղինակները նաև համոզված են, որ ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: