«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ստացվում է, որ քաղաքական աշուն մուտք ենք գործում օրակարգային երկու հարցով. «Ելք» խմբակցության առաջարկությունը՝ ԵՏՄ-ում ՀՀ անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ, և հարցը, թե 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ով կլինի ՀՀ վարչապետը, այսինքն այսուհետ նաև՝ պետության առաջին դեմքը: Ընդ որում, այս երկու հարցերից առաջինը որոշակիորեն նաև արտաքին քաղաքական հարց է, իսկ երկրորդը ֆորմալ առումով զուտ ՀՀԿ-ին վերաբերող հարց է:
Որովհետև, ինչպես լրագրողների հետ զրույցում ճիշտ ձևակերպեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անցած խորհրդարանական ընտրություններում մարդիկ իրենց ձայները տարբեր մոտիվացիաներով տվել են ՀՀԿ-ին, ուստի մինչև 2022 թվականը երկրի ղեկը հանձնել են այս կուսակցությանը: Իսկ թե ՀՀԿ-ն ում հարմար կգտնի այդ դերում, արդեն ներքին կուսակցական խնդիր է:
Մյուս կողմից՝ այս հարցը և իր մեջ նաև արտաքին քաղաքական էլեմենտ պարունակող «Ելք»-ի առաջարկը նաև փոխկապակցված են և ձևավորում են ՀՀ ներքաղաքական միակ օրակարգը:
Ու թեև օրակարգը մեկն է, իսկ քաղաքական խաղացողների թիվը՝ խիստ սահմանափակ, կոմբինացիաները, որ հնարավոր են այն առաջ մղելու ընթացքում, բավականին բազմազան են: Օրինակ, եթե «Ելք»-ին հաջողվի հանրային աջակցություն ստանալ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության շուրջ, այն կարող է վերածել կոնկրետ գործողության, ինչը կսասանի ՀՀԿ-ի դիրքերը:
Ճիշտ է, ընդունված է համարել, որ ՀՀ բնակչության դիրքորոշումը միշտ էլ հօգուտ ԵՏՄ-ի կլինի, սակայն այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի հրապարակած հարցման տվյալները ցույց են տալիս, որ դա խիստ չափազանցված համոզմունք է: Համենայնդեպս, ըստ այդ հարցման արդյունքների՝ հանրության տրամադրությունները ԵՏՄ-ի և Եվրոպական ինտեգրացիոն ուղղությունների միջև սահմանագծին են, ինչպես նաև այնքան էլ միանշանակ չէ, որ ՀՀ քաղաքացիների անվերապահ վստահում են Ռուսաստանին և երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը կապում այդ երկրի հետ:
Հայաստանի աշխարհաքաղաքական բևեռների ընտրության-չընտրության հարցը որևէ քաղաքական ուժ ուղղակիորեն օրակարգ չի բերել: Համենայնդեպս խորհրդարանում նման քննարկում չի եղել: Հայաստանի ընդդիմադիր և ոչ իշխանական բոլոր քաղաքական ուժերը այժմ համերաշխ են մի հարցում. Հայաստանում իշխանության փոփոխության պահանջարկը նախ պետք է հանրության մեջ ձևավորվի, ապա նաև համապատասխան պատվեր իջեցվի քաղաքական ուժերին: Քանի դեռ նման պրոցես գոյություն չունի, իշխանության փոփոխության կամ Սերժ Սարգսյանի վերարտադրության անթույլատրելիության մասին խոսակցությունները ժամանցային նշանակությունից այն կողմ չեն անցնի:
Ընդ որում հարցը, թե արդյոք Սերժ Սարգսյանը կդառնա՞ վարչապետ, թե՞ ՀՀԿ-ն այլ անձի կնշանակի այդ պաշտոնում, ավելի շատ էսթետիկական նշանակություն ունի, քան քաղաքական: Ինչ խոսք, Սարգսյանի մնալով Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի շարքերն անցնելը շատ ավելի մեծ դիսկոմֆորտ կառաջացնի:
Ու ստացվում է, որ «Ելք»-ի նախաձեռնությունը՝ Սերժ Սարգսյանի իշխանության որդեգրած՝ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխելու ուղղությամբ, տեսանելի ապագայում Հայաստանում իշխանության փոփոխության միակ հիմքը կարող է լինել: Հուսանք, որ այս հարցով քաղաքական բանավեճը ավելի համարձակ կլինի, քան մինչև այժմ է, որովհետև ի վերջո ՀՀ քաղաքացիներիս իսկապես անհրաժեշտ են լուրջ հիմնավորումներ, փաստարկներ և հակափաստարկներ, թե իրականում ինչ կկորցնի և ինչ կշահի Հայաստանը ռուսական ինտեգրացիոն միավորից կամ ռուսական անվտանգության համակարգից դուրս գալու դեպքում»: